Թուրքիան դարձյալ քրիստոնյաներին ճնշող երկրների ցանկում է

Թուրքիան դարձյալ քրիստոնյաներին ճնշող երկրների ցանկում է

PanARMENIAN.Net - Լրագրող Էլմաս Թոփչուն գրում է, որ Թուրքիայի իշխող «Արդարությունը և զարգացում» կուսակցությունը թեև իր դժգոհությունն է հայտնում Արևմուտքում ամեն օր ուժեղացող հակաիսլամական տրամադրությունների կապակցությամբ, այնուհանդերձ Թուրքիան իր որդեգրած «ազգայնապաշտ իսլամականության» պատճառով երեք տարվա դադարից հետո դարձյալ հայտնվել է քրիստոնյաներին ճնշող երկրների ցանկում, գրում է Horizon Weekly-ն:

Թուրք լրագրողը որպես ապացույց բերում է Գերմանիայի Քելքհեյմ քաղաքի Open Doors իրավապաշտպան կազմակերպության` վերջերս հրապարակած զեկույցը, համաձայն որի ամբողջ աշխարհում 100 մլն քրիստոնյա իր կրոնի պատճառով ճնշումների է ենթարկվում:

Աղյուսակի առաջին հորիզոնականը գլխավորում է Հյուսիսային Կորեան: Ենթադրվում է, որ այստեղ 200-400 հազար քրիստոնյա կա, որոնք գաղտնի դավանում են իրենց կրոնը: Հյուսիսային Կորեային հաջորդում են Սոմալին, Սիրիան, Իրաքը և Աֆղանստանը: Թուրքիան 50 երկրի ցանկում զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը:

Տեղեկագիր մեջ նշվում է, թէ նախքան «Իսլամական պետության» սպառնալիքը, Սիրիայում 1.8 միլիոն քրիստոնյա էր ապրում, իսկ հիմա այդ թիվն իջել է 1,1 միլիոնի։ Ասում են նաև, որ այդ քրիստոնեաներին մեծ մասը ներկայումս սեփական երկրում գաղթականի կարգավիճակ ունի։

Եթե 20-րդ դարասկզբին Թուրքիայում ապրում էին միլիոնավոր քրիստոնյաներ, ապա այսօր այդ թիվը, ըստ Թուրքիայի բողոքական եկեղեցիների ասոցիացիայի իրականացրած հետազոտության, կազմում է 120 հազ., այն նվազման միտում ունի, հակառակ այն լավատեսների, թե իբր հակառակ պատկերն է տիրում։

Չնայած թուրքական իշխանությունները ԵՄ-ին անդամակցման ճանապարհին խոստացել են ազատականացնել քրիստոնյաների իրավունքները սահմանափակող օրենսդրությունը, այդուհանդերձ, երկրի քրիստոնյա բնակչությունը՝ 0,1%-ը, դեռևս բախվում է անվերջանալի սահմանափակումների և խոչընդոտների։ Դրա մասին են վկայում նաև Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների հանձնաժողովի կազմած ամենամյա զեկույցը, որտեղ նշվում են տարբեր դավանանքների ազատության նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերող 16 պետությունները, որոնց մեջ է նաև Թուրքիան: Ինպես նշում է ԱՄՆ միջազգային կրոնի ազատության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Նինա Շինը, Թուրքիան այժմ օգտագործում է ավելի բարդ մեթոդներ, որոնք հանգեցնում են քրիստոնեական և ոչ մահմեդական փոքրամասնությունների չեզոքացմանը: Թուրքիան մահակի փոխարեն օգտագործում է բյուրոկրատական սահմանափակումները, որոնք խանգարում են եկեղեցիներին շարունակել իրենց գործունեությունը: Այդպիսի սահմանափակումների և ճնշումների են ենթարկվում նաև Թուրքիայի կաթոլիկ և բողոքական համայնքները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---