28  02.05.14 - Հայ-ադրբեջանական սահման․ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես

Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ էր. Լարվածությանն արձագանքել է ամերիկացի համանախագահը

Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ էր. Լարվածությանն արձագանքել է ամերիկացի համանախագահը

PanARMENIAN.Net - Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր` հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 86 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

ՀՀ ԶՈւ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային կրակահերթերի դեպքում, վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 178 կրակոց:

Հունվարի լույս 24-ի գիշերը Տավուշի սահմանին համեմատաբար հանգիստ է եղել: «Կրակոցներ եղել են, բայց ոչ այնքան շատ»,- ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Տավուշում հակառակորդի իրականացված դիվերսիայի արդյունքում վիրավորված շարքայինի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, հայտնում է Tert.am-ը:

Աճող լարվածությանն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա, մասնավորապես, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Իմ կոչն է նախագահներին՝ դադարեցրեք բռնությունը շփման գծում և շարունակեք բանակցությունները»:

Վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիաների բազմաթիվ փորձերով մեծացրել է լարվածությունը շփման գծում ու սահմանին: Հունվաի լույս 23-ի գիշերը խախտումների ընդհանուր թիվն անցել է 300-ը: Առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները դիվերսիայի փորձ են ձեռնարկել Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է մոտ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը երկու զոհ է տվել, վիրավորներ ևս կան: Զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը և շարքային Արտակ Սարգսյանը:

Հակառակորդը տարեսկզբից շարունակում է լարված պահել իրադրությունն առաջնագծում։Հունվարի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, բայց հետ մղվել: Կորուստներ ու վիրավորներ հայկական կողմը չուներ:Հակառակորդը գիշերն արձակվել է մոտ 200 կրակոց: Ադրբեջանական կողմը դադարեցրել է գնդակոծությունը միայն ՀՀ ԶՈւ հակահարվածը ստանալով: Հունվարի 21-ին, Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել, որը Չորաթան գյուղի բնակիչ 34-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանն է: Հունվարի 17-ին Տավուշի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Զինծառայողը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:

Հունվարի 11-ին մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ էին ձեռնարկել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել և կասեցվել էր: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել էին: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը մնացել էր միջդիրքային տարածքում, բայց ավելի ուշ հայկական կողմը թույլատրել էր տարհանել այն: Փոխհրաձգության ընթացքում զոհվել էր նաև տարածքում գտնվող 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:

Հունվարի 1-ից ի վեր հակառակորդը պարբերաբար կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, հունվարի 7-ի կեսօրին ԴՇԿ տեսակի զենքով՝ Բարեկամավան գյուղի ուղղությամբ, նույնը տեղի է ունեցել նաև հունվարի 6-ին: Գնդակները կպել են գյուղի եկեղեցուն և այլ շինությունների:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---