Իրանի ԱԳՆ. Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի, միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր չի կնքվի

Իրանի ԱԳՆ. Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի, միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր չի կնքվի

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ, Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր չի կնքվի: Այդ մասին Դավոսում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը «Ֆարս» գործակալությանը հղումով:

Նախարարը նշել է, որ այժմ «համաձայնության հասնելու հնարավորություն կա»:

«Նա, ով կմտադրվի արգելակել այն, կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ, լինի դա ԱՄՆ Կոնգրեսը, թե մեկ ուրիշը»,-հայտարարել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարը նաև հորդորել է համաշխարհային հանրությանը «դեմ հանդես գալ մի գործընթացի», որը խարխլում է «բացարձակ կարևորություն ունեցող նվաճումները»:

Զարիֆը նաև հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ, երկրի խորհրդարանը պատասխան քայլեր կձեռնարկի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հասցեագրված «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձում, հայտարարել է. «Իրանի հետ միջուկային նյութերի օգտագործման վերաբերյալ համաձայնագրի կնքումը հարցականի տակ է, սակայն նոր պատժամիջոցներն անիմաստ են»: Ըստ ԱՄՆ նախագահի, վերջին տասնամյակում առաջին անգամ առաջընթաց է գրանցվել Իրանի հետ բանակցություններում:

«Այդ պահից ի վեր և մինչև գարուն համապարփակ համաձայնության գալու շանս կա, որը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունեցող երկիր դառնալ»,-հայտարարել է Օբաման: Սակայն նա անմիջապես էլ հավելել էր, որ «բանակցությունների հաջող ավարտի երաշխիքներ չկան» և ինքը «պատրաստի է պահում բոլոր միջոցները, որոնք թույլ չեն տա Իրանին միջուկային տերություն դառնալ»:

2014-ի նոյեմբերի 24-ին Վիեննայում ավարտվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Որոշվեց ևս 7 ամիս հատկացնել ամփոփ համաձայնագիր կնքելու համար: Այսպիսով, Իրանի դեմ գործող պատժամիջոցները լիովին հանելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածության և փոխզիջման հասնել հնարավոր չեղավ:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում էր, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---