ԼՂՀ ՊԲ. Հակառակորդը վերջին օրերին տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր

ԼՂՀ ՊԲ. Հակառակորդը վերջին օրերին տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հունվարի 19-ից 24-ն ընկածշ ժամանակահատվածում խախտել է մոտ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20.000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք հանդիպելով հայ դիրքապահների կուռ պաշտպանությանը, կորուստներ կրելով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

«Հարկ է ընդգծել, որ չնայած ադրբեջանական կողմը այդ երկրի նախագահի 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը, այնուամենայնիվ ՊԲ-ի տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր, շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա:

ՊԲ-ն շփման գծի ամբողջ երկայնքով ոչ միայն վստահորեն կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը, այլև ըստ անհրաժեշտության ձեռնարկում է օպերատիվ մարտավարական նշանակության պատժիչ գործողություններ և ճնշում հակառակորդի դրսևորած ակտիվությունը»,- նշված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Հունվարի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկեց դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982-ին ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Վրավորում է ստացել 1973-ին ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

ԼՂՀ ՊՆ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողության 8 փորձ, որոնք ժամանակին կասեցվել են: Հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:Ադրբեջանական կողմի կրակոցից ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995-ին ծնված Սուրեն Փիլոսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---