Իսրայելը պատրաստ է միջնորդ դառնալ ՌԴ և Ուկրաինայի միջև, ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի

Իսրայելը պատրաստ է միջնորդ դառնալ ՌԴ և Ուկրաինայի միջև, ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ կարգավորելու համար երկու երկրների հարաբերությունները, հայտնում է «Գազետա.ռու»-ն:

Լիբերմանը լավ հիմք է համարել միջնորդության համար իր երկրի չեզոք դիրքորոշումը: Իսրայելը պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ, իսկ այդ երկրի իշխանություններն ի սկզբանե հրաժարվել են Ուկրաինայում ծավալված ներքաղաքական ճգնաժամին գնահատականներ տալուց:

«Իսրայելի չեզոքությունը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում առավել խելամիտ դիրքորոշումն է: Դա չի նշանակում պասիվ լինել: Մենք լավ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ՝ և Մոսկվայում, և Կիևում մեզ վստահում են»,-ասել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի ԱԳ նախարարը հունվարի 26-ին բանակցություններ կանցկացնի Լավրովի հետ Մոսկվայում: Զրուցակիցները պատրաստվում են քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում, պաղեստինա-իսրայելյան կարգավորման հեռանկարը, ինչպես նաև Իրանի միջուկային խնդիրը:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արտահերթ հանդիպում կգումարի քննարկելու համար իրավիճակի կտրուկ սրացումն Ուկրաինայում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ինչպես հայտնել են ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունում, նիստը կայանալու է Նյու Յորքի ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին):

Հանդիպման մասին հարցումով է դիմել Լիտվան, որը ԱԽ ոչ մշտական անդամ է: Ակնկալվում է, որ նիստում, որն արդեն 29-րդը կլինի ճգնաժամի մեկնարկից ի վեր, հիմնական ուշադրությունը սևեռվելու է հունվարի 24-ին Մարիուպոլի բնակելի թաղամասերի գնդակոծությանը:

Հունվարի 24-ին ԱԽ-ն չկարողացավ համաձայնեցնել միջադեպը դատապարտող մամուլի համար հայտարարության տեքստը: Ըստ վերջին տվյալների, միջադեպի հետևանքով զոհվել է 30 մարդ, այդ թվում երկու երեխա, վիրավորվել՝ 96-ը: Ինչպես հայտարարել են ՌԴ մշտական ներկայացուցչությունում, Մարիուպոլի դեպքերին ԱԽ հնարավոր արձագանքի քննարկումը մի ամբողջ օր տևեց: «Փոխհամաձայնության հասնել չհաջողվեց, քանի որ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը պնդում էր, որ Խորհուրդը դատապարտի աշխարհազորայիններին առանձին հայտարարությամբ»,-ասել են ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունում՝ հիշեցնելով, որ ամբողջ հակամարտության ընթացքում ԱԽ արևմտյան անդամները հրաժարվում են «դատապարտել Կիևի որևք հայտարարություն կամ գործողություն»:

Մինչդեռ հունվարի 24-ին Մարիուպոլի գնդակոծության դատապարտմամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա նշել է, որ հավանաբար, բնակերի թաղամասերը միտումնավոր չեն գնդակոծվել՝ նշելով, որ նաև այդ դեպքում դա հանդիսանում է միջազգային հումանիտար իրավունքի խախտում»: Պան Գի Մունը նաև մեղադրել է աշխարհազորայիններին Մինսկի պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ ասելով, որ նրանք միակողմանի կարգով դուրս են եկել «լռության ռեժիմից», ինչպես նաև հանդես եկել «նոր տարածքներ գրավելու մասին սադրիչ հայտարարություններով»:

Ըստ ԵԱՀԿ դիտորդների զեկույցի, Մարիուպոլի արևելյան շրջանները գնդակոծվել են հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններից՝ Օկտյաբր և Զայչենոկ բնակավայրերից: Ըստ նախնական տվյալների, գործի են դրվել «Գրադ» և «Ուրագան» համալիրները:

Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման համար պատասխանատվությունը կողմերը իրար վրա են բարդում: Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարեց, որ հրաման է արձակել ճնշել ուկրաինական ուժայինների դիրքերը Մարիուպոլից դեպի արևելք տարածքում այն բանից հետո, երբ Կիևը փորձեց բնակելի շրջանների գնդակոծության մեղքը բարդել իրենց վրա: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, որը հունվարի 25-ը սգո օր հայտարարեց, քաղաքի գնդակոծությունն անվանեց «ոչ թե ուղղակի ահաբեկչական գործողություն», այլ «ոճրագործություն մարդկայնության դեմ»:

Եվրամիության ԱԳՆ ղեկավարներն իրենց հերթին արտահերթ հանդիպում կունենան Ուկրաինայում իրավիճակի սրացման կապակցությամբ, հայտնել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ինչպես և ԱՄՆ-ն, ԵՄ երկրները ևս պատասխանատվությունը բարդել են աշխարհազորայինների վրա, կրկին մեղադրելով Ռուսաստանին նրանց սատարելու համար:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոգերինիի հետ հեռախոսազրույցում նշեց, որ անհրաժեշտ է անաչառ հետաքննություն անցկացնել ԵԱՀԿ մասնակցությամբ:

Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ վերջին նիստը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 21-ին: Հանդիպմանը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փոխադարձ մեղադրանքներ փոխանակեցին ուկրաինական ճգնաժամին միջամտելու վերաբերյալ:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---