Թուրք քաղաքագետը` ՀՀ նախագահին ապրիլի 24-ին Թուրքիա հրավիրելու մասին. Ինչ ամոթ է, ինչ մեղք է

Թուրք քաղաքագետը` ՀՀ նախագահին ապրիլի 24-ին Թուրքիա հրավիրելու մասին. Ինչ ամոթ է, ինչ մեղք է

PanARMENIAN.Net - Թուրք հայտնի քաղաքագետ, Radikal պարբերականի սյունակագիր Բասքըն Օրանը թերթի իր սյունակում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիա հրավիրելու համար:

«Գետի՛նը պետք է մտնեք: Լավ, այդ մարդկանց ցավերը չտեսնելու ենք տալիս, գոնե չծաղրենք: Էրդողանն այդ խայտառակության վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին Չանաքքալե է հրավիրում»,- գրել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին:

Նա հիշեցրել է, որ Չանաքքալեին (Գալիպոլի ճակատամարտ) նվիրված միջոցառումն ամեն տարի տեղի էր ունենում մարտի 18-ին:

«Այս տարի նախագահը Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենամեծ «գայթակղության քար» Ադրբեջանի բռնակալ Ալիևին վերցնելու է ու միասին Չանաքքալե են գնալու: Եվ «Իթթիհաթ վե Թերաքքիի» մսագործների կողմից հայ քաղաքացիների հանդեպ տեղի ունեցած այդ սարսափելի ոճրագործությունը խորհրդանշող օրը՝ Ապրիլի 24-ն են «տոնելու»: Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկն այսպես է գրում. «Սպանված մեկուկես միլիոն հայերի ուրվականների հետ են քայլելու»,- գրել է նա:

Հոդվածագիրը հիշեցրել է, որ անցյալ տարի Էրդողանն Ապրիլի 24-ից առաջ հրապարակած իր ցավակցական ուղերձում ասել էր. «20-րդ դարասկզբին կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն ենք մաղթում և ցավակցում ենք նրանց թոռներին»:

«Այժմ այդ խայտառակության վրա մի բան էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին Չանաքքալե է հրավիրում: Ի՞նչ է դա նշանակում: Ինչ ամոթ է, ինչ մեղք է դա»,- եզրափակել է հոդվածագիրը, մեջբերում է Tert.am-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ պատասխանել է հրավերին` նշելով, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---