«Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության կապակցությամբ» նախագիծն ԱԺ-ում է

«Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության կապակցությամբ» նախագիծն ԱԺ-ում է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի՝ «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը: Այն ներկայացված է ԱԺ «օրակարգում դեռևս չներառված» բաժնում:

Այն պետք է ամրագրի, որ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի և «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) և «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը:

ԱԺ հայտարարության տեքստի նախագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարգում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ռազմական ոլորտում առկա երկկողմ պայմանագրերը:

Վերոնշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմանի հարգանք և համագործակցություն:

Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ոչ միայն իր դաժանությամբ է ցնցել հայ հանրությանը, այլ նաև այդ եղեռնագործության քրեական վարույթի իրականացումը և մեղադրյալին կալանքի տակ վերցնելը՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, արդարացի և իրավաչափ բողոք է բարձրացրել հասարակության շրջանում»:

Նշվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, ակնկալում է, հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության, Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին:

Որպես կից ներկայացված հիմնավորում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ղեկավարությունը, շրջանցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջ և կնքված պայմանագրերը, «շարունակում է ապօրինի գործունեությունը՝ չփոխանցելով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իշխանություններին»:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու և ավելի անձանց սպանությունը): Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեում ձևավորված քննչական խումբը քննչական անհետաձգելի գործողություններ է կատարել՝ դեպքի վայրի զննություն, երեք տասնյակից ավելի վկաների հարցաքննություն, նշանակվել են ավելի քան մեկ տասնյակ փորձաքննություններ:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Միաժամանակ, արձագանքելով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում հայտնված որոշ հրապարակումներին՝ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---