Օհանյան. Պատրաստ ենք ցանկացած գործողությունների՝ հակառակորդի տարածքը կարող ենք վերածել մի թեժ կետի

Օհանյան. Պատրաստ ենք ցանկացած գործողությունների՝ հակառակորդի տարածքը կարող ենք վերածել մի թեժ կետի

PanARMENIAN.Net - Հայաստանն ամեն ինչ անում է բացառելու համար լայնածավալ պատերազմի վերսկսումը: Սակայն, եթե հակառակորդը քաղաքական առումով չի հասկանում հրադադարի պայմանագիրը, ապա նրա ցանկացած ոտնձգություն արժանի պատասխան կստանա, հունվարի 27-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ոչ մի ռազմական գործիչ չի կարող 100 տոկոսով բացառել այս կամ այն տիպի կամ լոկալ մարտական գործողություները։ «Բայց մենք ամեն ինչ կանենք, որ չվերածվի լայնամասշտաբ պատերազմի, և այդ միտումը չենք տեսնում»,-ասաց նա: «Ինչ նպատակ էլ ունենա հակառակորդը, մեր գործողությունները հստակ են լինելու, նաև կլինեն կանխարգելիչ գործողություններ: Եթե հակառակորդը մտածում է, որ մենք պահպանելու ենք պաշտպանությունը հանուն հրադադարի, ապա սխալվում է՝ մենք պատրաստ ենք ցանկացած գործողությունների, շփման գիծն ու հակառակորդի տարածքը կարող ենք վերածել մի թեժ կետի, որից ինքը գլուխ չի հանի»,-նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը հակառակորդին կոշտ պատասխան տալու անհրաժեշտության մասին՝ նախարարը նշեց, որ անհաջողությունները և սեփական անձնակազմի կորուստները հակառակորդին չեն ստիպում հետ կանգնել այդ գործելաոճից։ Սեյրան Օհանյանը նշեց, որ մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տվել, որ հակառակորդի կողմից լարվածության ավելացումն ունի մի քանի նպատակ՝ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին հարցերում: Ըստ նախարարի՝ ներքաղաքական նպատակն է այն բոլոր երևույթներից, որ տեղի են ունենում՝ տնտեսական խնդիրներից, խոսքի ազատության, մարդու իրավունքների բացթողումներից շեղելը: «Արտաքին քաղաքական նպատակն ազդելն է բանակցային գործընթացի վրա, և այդ առումով լարվածությունն անընդհատ ցույց է տալիս նրանց գործելաոճը»,- ասաց նա:

«ՀՀ ռազմական ղեկավարության համար այս իրավիճակն ընդունելի չէ՝ նաև հաշվի առնելով ժողովրդի մոտ ունեցած իրավիճակի վերաբերյալ տպավորությունները, բայց պետք է կտրուկ որոշումներ կայացնել, կամ պետք է պայմանագրից ելնելով շարժվել, կամ էլ՝ կանխարգելիչ գործողությունների իրականացնել»,–հայտարարեց պաշտպանության նախարարը, հայտնում է Armenia Today-ը:

Նախօրեին, ելույթ ունենալով պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայտարարեց.

«Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը:

«Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշել է նաև. «Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու հնարավորությանը՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ «լարվածության փոքր ձևերը չեն կարող մեզ ստիպել, որ մենք դիմենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը»: «Նույնիսկ քանակական առավելությունները հակառակորդի կողմից մեզ վրա չեն ազդում, որովհետև որակական առումով և մարտական առումով մենք ավելի բարձր դիրքերի վրա ենք ու մեր առջև դրված խնդիրները լիարժեք կարողանում ենք իրականացնել»,- ասել է նա:

Անդրադառնալով նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռին՝ նախարարն ասաց, որ խոցված ուղղաթիռի հետ կապված` անցկացվել է ծառայողական քննություն, համապատասխան մարդիկ տույժեր են ստացել, պաշտոններից են ազատվել, կա հարուցված քրեական գործ: «Այստեղ չափից ավելի մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որոնք ուսումավարժական պլանային թռիչք են կատարել՝ փոքր շեղումով, այլ հակառակորդինը, որը խոցել է այն»,- ասաց նախարարը: Նախարարը տեղեկացրեց, որ անցած տարվա նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին հակառակորդի կողմից հայկական ռազմական ուղղաթիռի խոցումից հետո անհամաչափ պատասխան արդեն իսկ եղել է:

Նախարարի գնահատմամբ, լարվածության մեջ պահելով ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանները Ադրբեջանի ղեկավարությունը մեկ նպատակ է հետապնդում`հայկական կողմերին պարտադրել քաղաքական զիջումներ: Ողջ անցյալ տարվա ընթացքում դիտավորյալ և հետևողական դիվերսիոն գործողություններ է իրականացրել: Նախարարը նկատեց, որ Ադրբեջանը հայերի նկատմամբ ատելություն է սերմանում իր հասարակությունում, մերժողական դիրքորոշում դրսևորում ԼՂՀ հարցում: Ադրբեջանը նաև տեղեկատվական պայքար է մղում` հակահայկական քաղաքականություն վարելով, փաստերը խեղաթյուրելով: «Հարևան պետության նման գործելաոճը լուրջ վտանգ է տարածաշրջանի համար»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հունվարի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում խախտել է մոտ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20.000 կրակոց:Նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք հանդիպելով հայ դիրքապահների կուռ պաշտպանությանը, կորուստներ կրելով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---