Ուկրաինական Ռադան ագրեսոր է հայտարարել Ռուսաստանին և խնդրում է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ (վիդեո)

Ուկրաինական Ռադան ագրեսոր է հայտարարել Ռուսաստանին և խնդրում է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի խորհրդարանը Դոնբասում իրավիճակի քննարկմանը նվիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որտեղ Ռուսաստանը ագրեսոր երկիր է հայտարարված:

«Ուկրաինայի Գերագույն ռադան Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է որպես ագրեսոր պետություն և կոչ է անում Ուկրաինայի միջազգային գործընկերներին թույլ չտալ, որ մարդկայնության դեմ կատարվող ոճրագործություններն անպատիժ մնան»,-ասվում է հայտարարության տեքստում: Փաստաթղթին կողմ է արտահայտվել 271 պատգամավոր նվազագույն 226-ի անհրաժեշտության դեպքում:

Ուկրաինայի Ռադան խնդրում է աշխարհին «նոր ոլորտային պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ, իսկ Ուկրաինային տալ անհրաժեշտ ռազմական ու հումանիտար օգնություն, հայտնում է ուկրաինական «Սեգոդնյա» թերթը:

Նախօրեին «Սամոպոմոշչ» խմբակցության առաջնորդ Օլեգ Բերեզյուկը հայտնել է, որ խմբակցությունների առաջնորդները համաձայնեցրել են որոշումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Ուկրաինայի իշխանությունները բազմիցս են մեղադրել ՌԴ-ին աշխարհազորայիններին ֆինանսապես ու տեխնիկապես աջակցելու մեջ: Սակայն Մոսկվան նման մեղադրանքները հերքում է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կիևի պնդումները Դոնբասում ռուսական զորքերի առկայության մասին, անվանեց չապացուցված:

Մինչդեռ, ՄԱԿ Մարդու իրավունքների վարչության գերագույն հանձնակատար Ռուպերտ Կոլվիլը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում հակամարտության սկզբից ի վեր 5 187 մարդ է զոհվել: Վիրավորների ցանկում 11 515 մարդ կա:

Ներքին տեղահանվածների քանակն Ուկրաինայում կտրուկ աճեց և հասավ մոտ մեկ միլիոնի, ևս 600 հազարը փախստականներ են:

Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ը հայտնել էր 5 086 զոհի մասին՝ ներառյալ մալայզիական Boeing-ի 298 ուղևորներին, որը խոցվեց Ուկրաինայի արևելքում հուլիսին: Այն ժամանակ վիրավորների քանակը 10 948 էր:

Նախօրեին Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ կարգավորելու համար երկու երկրների հարաբերությունները, հայտնում է «Գազետա.ռու»-ն:

Լիբերմանը լավ հիմք է համարել միջնորդության համար իր երկրի չեզոք դիրքորոշումը: Իսրայելը պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ, իսկ այդ երկրի իշխանություններն ի սկզբանե հրաժարվել են Ուկրաինայում ծավալված ներքաղաքական ճգնաժամին գնահատականներ տալուց:

«Իսրայելի չեզոքությունը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում առավել խելամիտ դիրքորոշումն է: Դա չի նշանակում պասիվ լինել: Մենք լավ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ՝ և Մոսկվայում, և Կիևում մեզ վստահում են»,-ասել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը:

Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման համար պատասխանատվությունը կողմերն իրար վրա են բարդում: Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարեց, որ հրաման է արձակել ճնշել ուկրաինական ուժայինների դիրքերը Մարիուպոլից դեպի արևելք տարածքում այն բանից հետո, երբ Կիևը փորձեց բնակելի շրջանների գնդակոծության մեղքը բարդել իրենց վրա: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, որը հունվարի 25-ը սգո օր հայտարարեց, քաղաքի գնդակոծությունն անվանեց «ոչ թե ուղղակի ահաբեկչական գործողություն», այլ «ոճրագործություն մարդկայնության դեմ»:

Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախորդ նիստը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 21-ին: Հանդիպմանը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փոխադարձ մեղադրանքներ փոխանակեցին ուկրաինական ճգնաժամին միջամտելու վերաբերյալ:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---