13 հուլիսի 2006 - 14:51 AMT
Իսրայելը մարտական գործողություններ է սկսել Լիբանանի դեմ
Իսրայելը ցամաքային, ծովային եւ օդային շրջափակում է սկսել Լիբանանի դեմ: Լիբանանի տարածքային ջրեր են մտել Իսրայելի մարտական նավերը: Նրանք վերահսկում են ափամերձ տարածքը եւ հետ են շրջում Լիբանան գնացող բոլոր նավերը: Բեյրութի միջազգային օդանավակայանը դադարեցրել է ինքնաթիռների ընդունումը եւ թռիչքն այն բանից հետո, երբ Իսրայելի ավիացիան ռմբակոծել է թռիչքուղիները: Իսրայելի պաշտպանության բանակում հայտարարել են, որ Լիբանանի ծովային նավահանգիստները եւ Բեյրութի միջազգային օդանավակայանը օգտագործվում են «Հեզբոլլահ» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին զենքով մատակարարելու համար:

Շրջափակումը հայտարարված է «Հեզբոլլահի» դեմ լայնածավալ ռազմական գործողության շրջանակներում: Գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ լիբանանցի գրոհայինները հարձակվել են իսրայելցի զինվորների վրա սահմանամերձ շրջանում: Հարձակման արդյունքում զոհվել է ութ իսրայելցի, երկու զինծառայող գերեվարվել է:

Իսրայելի ավիացիան եւ հրետանին մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքում տարբեր նպատակակետերին: Իսրայելյան հրամանատարության տվյալններով, այդ հարվածների արդյունքում սպանվել են «Հեզբոլլահի» շուրջ 30 գրոհայիններ: Հաղորդվում է նաեւ բազմաթիվ զոհերի մասին խաղաղ բնակչության շրջանում: «Հեզբոլլահը» առաջարկում է փոխանակել գերեվարված իսրայելցի զինվորներին արաբ կալանավորների հետ, որոնք գտնվում են Իսրայելի բանտերում: Իսրայելը պահանջում է ազատ արձակել զինվորներին առանց որեւէ պայմանի: Իսրայելի հրամանատարությունը սպառնում է վերածվել լայնամասշտաբ ցամաքային գործողության Լիբանանի տարածքում, հաղորդում է «Լենտա.ռու-ն»: