Հայոց բանակը 23 տարեկան է

Հայոց բանակը 23 տարեկան է

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին 23 տարի առաջ ստեղծվեց Հայկական բանակը: 1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այդպիսով իսկ ազդարարելով Հայ Ազգային բանակի ստեղծումը: Խոսելով բանակաշինության մասին՝ պետք է առանձնացնել երեք հիմնական փուլ:

Առաջինը՝ ազգային ազատագրական շարժման մեկնարկը Լեռնային Ղարաբաղում: Այն ժամանակ երկրի անվտանգությունն ապահովում էին կամավորները, որոնք միավորվեցին և կազմեցին կամավորական ջոկատներ: Ջոկատները չունեին կենտրոնական հրամանատարություն, ամեն մեկը մարտնչում էր այնպես, ինչպես հարկ էր համարում, բայց բոլորը պատրաստ էին մեռնել հանուն Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական օկուպացիայից: Այդ ջոկատներն էլ կազմեցին կանոնավոր բանակի հենքը: Երկրոդը փուլն ազգային բանակի ստեղծումն էր պատերազմական պայմաններում:

Հետո եկավ երրորդ փուլը, ի դեպ, այն դեռ ավարտված չէ: Այս փուլը կարելի է անվանել բանակաշինության փուլ: Արդեն 20 տարուց ավելի տևող հրադադարի ռեժիմը թույլ է տալիս կենտրոնանալ զորքերի տարբեր ճյուղերի զարգացման վրա ու ապահովել կապերի ամրապնդումը Հայաստանի ԶՈւ և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի միջև:

ՀՀ և ԼՂՀ քաղաքական ու ռազմական վերնախավը՝ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի գլխավորությամբ, Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և ադրբեջանական դիվերսիաների ժամանակ զոհվածներին:

Նրանց ուղեկցել են նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Արցախի պաշտպանության բանակի ղեկավար Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ զինվորական ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Սերժ Սարգսյանին և Սեյրան Օհանյանին:

« Դուք կանգնած եք եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում և այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, անում եք հնարավորը հայրենիքի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ:

Հայկական բանակը ժողովրդական բանակ է. չկա մի ընտանիք, որն այս կամ այն կերպ առնչություն չունենա նրա հետ: Բանակի կազմավորմանը մասնակցել են մեր ժողովրդի լավագույն զավակները, և այսօր էլ նրանց քաջ որդիներն են անձնվիրաբար ծառայում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ, նրանց, ովքեր այսօր էլ անսասան են պահում մեր հայրենիքի սահմանները, պահպանում մարդկանց անդորրն ու խաղաղ կյանքը», - նշել է ԼՂՀ նախագահը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ օրվա առիթով Հայրապետական իր օրհնություն է հղել ու շնորհավորել հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին.

«Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում մեր ժողովրդի ազատ և խաղաղ կյանքի:

Այսօր էլ հայոց բանակի մշտարթուն ծառայությամբ ապահով են մեր երկրի սահմանները: Շնորհիվ մեր զինվորների և զորավարների նվիրումի ու հավատավոր հոգու արիության` կանխվում են մեր ժողովրդի խաղաղ ու բնականոն կյանքը խափանող ոտնձգություններն ու վտանգները:

Մեր մարտիկների փառապանծ ծառայության բարձր գնահատանքով Մեր աղոթքն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Իր խաղաղ օթևաններում ընդունի հանուն հայրենյաց զոհված մեր հերոս զավակների հոգիները և ապավեն լինի ու զորացնի Հայոց Բանակի արիասիրտ սպաներին ու զինվորներին ի սեր հայրենյաց իրենց նվիրական կոչման մեջ:

Թող Փրկիչ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ ու անվրդով պահի Հայրենի մեր երկիրը և ապահով ու բարօր կյանք պարգևի բարեպաշտ մեր ժողովրդին»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---