Ստրասբուրգում մեկնարկում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը. Իրավիճակը դատարանի մոտ լարված է (թարմացված)

Ստրասբուրգում մեկնարկում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը. Իրավիճակը դատարանի մոտ լարված է (թարմացված)

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը, որի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, իսկ 2014-ի հունիսի 2-ին դատարանը որոշեց գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարեց Փերինչեքի հայցը:

«Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ», -ասվում է դատարանի որոշման մեջ: - «ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ խոսքի ազատության խախտման քողի տակ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համա»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ: Փետրվարի 17-ին Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասնագետները, հայտնի գիտնականները բաց նամակ էին հղել ՄԻԵԴ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի առնչությամբ: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները գտնում են, որ դատավճիռը կայացվել է պատմական ու հայեցակարգային սխալներով:

Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:

2014-ի մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը:

Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը կմասնակցի դատավարությանը, չնայած, որ մինչև վերջես կանալքի տակ էր Թուրքիայում: Նրա փաստաբան Զեյնեփ Քյուչուքը դիմել էր դատարան՝ պահանջելով չեղարկել իր պաշտպանյալի հանդեպ կիրառվող Թուրքիայից դուրս գալու արգելքը: Փաստաբանը շեշտել էր, որ Փերինչեքի ներկայությունը դատավարությանը չափազանց կարևոր է: Ուստի, դատարանը վճռեց, որ «1915-ի դեպքերի վերաբերյալ թուրքական թեզերը ներկայացնելու համար Փերինչեքի ներկայությունը կարևոր է» և վճռեց չեղարկել արգելքը: Թուրքական քրեական օրենսգրքի մասնագետ, պրոֆեսոր Էրսան Շենն ու փաստաբան Մահմութ Ջան Շենյուրթը պատրաստել ու հրապարակել են մի հոդված, որում անդրադարձել են Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հունվարի 28-ին թուրք գործիչ Դողու Փերինչեքի գործով կայանալիք դատավարությանն ու կարևորել են Փերինչեքի մասնակցությունը դրան:

«Հաշվի առնելով գործի կարևորությունը Թուրքիայի համար՝ լավ կլիներ Փերինչեքին դիվանագիտական անձեռնմխելիություն տրվեր: Այս առումով համապատասխան գնահատականը պետք է տա Թուրքիայի կառավարությունը՝ Արտգործնախարարության միջոցով»,- գրել են թուրք մասնագետները: Շենն ու Շենյուրթը նշել էին, որ այն, որ «1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, ոչ թե Դողու Փերինչեքի անձնական տեսակետն է, այլ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական թեզը»: «Այս դատավարությունն առնչվում է այդ թեզերի իրավական ապագային»,- կարծում են մասնագետները:

Փերինչեքին և Ստրասբուրգում կայանալիք դատավարությանն իրենց աջակցությունն են հայտնել նաև թուրքական որոշ կազմակերպություններ:

Մինչդեռ Հունաստանում Դողու Փերինչեքին չի հաջողվել կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրում է, որ Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հունաստանի դեմ հայց ներկայացնելով՝ օրենքը խախտելու համար ակնկալվող ձերբակալությունից հետո:

Հայաստանը ևս կմասնակցի դատավարությանը որպես երրորդ կողմ: Հայաստանի շահերը ներկայացնող իրավաբանների թիմում են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնի, Ամալ Քլունիի և Թոբի Քոլիսի մասնակցությամբ:

Որպես երրորդ կողմ ներգրավված են նաև Թուրքիան և Ֆրանսիան:

Փաստինֆո»-ի փոխանցմամբ, բավականին լարված իրավիճակ է դատարանի դիմաց: Հավաքվել են և հայեր և թուրքեր, տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ: Հայկական կողմի աջակիցները կոչ են անում՝ «Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---