Freedom House. Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» երկրների շարքում է, Ադրբեջանը՝ «անազատ»

Freedom House.  Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» երկրների շարքում է, Ադրբեջանը՝ «անազատ»

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2015» ամենամյա զեկույցը, որում ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակը աշխարհի 195 երկրներում և 15 տարածքներում, հայտնում է aysor.am-ը:

«Ազատությունն աշխարհում 2015» զեկույցում Հայաստանը «Քաղաքական իրավունքների» և «Քաղաքացիական ազատությունների» ինդեքսներով ստացել է համապատասխանաբար 5 և 4 միավորներ, որոնց միասնական (միջին) ինդեքսը կազմել է 4.5 միավոր: Այսպիսով, ինչպես և նախորդ տարի, Հայաստանը այս տարի ևս դասակարգված է «մասամբ ազատ» երկրների շարքում: Նույն կատեգորիայում է դասակարգված նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ստանալով 5 միավոր: Երկու պետությունների դեպքում էլ կազմակերպության փորձագետները ժողովրդավարական հետընթացի ակնհայտ միտումներ չեն արձանագրել:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը առաջնային դիրքում է հետխորհրդային մի շարք երկրների հետ համեմատած: Այսպես` Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը զեկույցում ստացել են նվազագույն միավորներ` դասվելով «անազատ երկրների շարքում»: Հայաստանի հետ «մասամբ ազատ» երկրների կատեգորիայում են նաև Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը և Ղրղզստանը: Հարևան Իրանը պահպանել է իր դիրքը` մնալով «անազատ» երկրների շարքում:

Զեկույցի համաձայն` ժողովրդավարության առումով հետընթաց են արձանագրել հատկապես Ադրբեջանը և Թուրքիան: «Անազատ» կատեգորիայում հայտնված Ադրբեջանի պարագայում փորձագետները մատնացույց են արել այդ երկրում ավտոկրատական կառավարման մեթոդների ուժգնացումը` Իլհամ Ալիևին բնորոշելով, որպես «վատագույն ավտոկրատներից հետ չմնացող»:

Փորձագետների ուշադրությունը գրավել է նաև այդ երկրում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունների աղաղակող դեպքերը: Թուրքիան ևս հետընթաց է արձանագրել կապված այդ երկրում կոռուպցիոն սկանդալների, դատական համակարգում առկա խնդիրների, կրոնական հանդուրժողականության և ազատությունների հետ: Զգալի հետընթաց է արձանագրել նաև Ռուսաստանը` կապված մամուլի նկատմամբ խիստ վերահսկողության, ինչպես նաև Ղրիմի դեպքերի հետ:

Ընդհանուր առմամբ, համաձայն զեկույցի, 195 երկրներից «ազատ» են 89-ը, «մասամբ ազատ» են 55-ը, «անազատ» են 51-ը:

Ամենամյա զեկույցում պետությունները դասակարգված են երեք կատեգորիաներում` «ազատ», «մասամբ ազատ» և «անազատ»: Կատեգորիաներում պետությունները դասակարգվում են հիմք ընդունելով «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ինդեքսներով ստացած միավորները: Միավորների սանդղակը 1-7 է, որտեղ 1-ը ժողովրդավարության առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը` վերջինիս բացակայությունը:

«Դեն նետելով ժողովրդավարությունը. Վերադարձ երկաթե վարագույրին» խորագրով զեկույցում իրավապաշտպան կազմակերպության մասնագետները պնդում են, որ 2014-ին աշխարհի գրեթե բոլոր մասերում ազատության և ժողովրդավարության վիճակը վատթարացել է: Փորձագետները ուշադրություն են հրավիրել նաև աշխարհում ահաբեկչության աճի, ավտոկրատ ռեժիմների կողմից կառավարման ավելի կոշտ մեթոդների կիրառման վրա: Ժողովրդավարական ազատությունների մասով զգալի հետընթաց է արձանագրվել Եվրասիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում:

Freedom House-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---