Բաբայան. Ադրբեջանցի դիվերսանտի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ

Բաբայան. Ադրբեջանցի դիվերսանտի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը պաշտոնական Ստեփանակերտի համար քննարկման ենթակա չէ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունվարի 21-ին մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի «ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասկերովի» ճակատագրի մասին հարցին, ասել էր, որ Ասկերովի հարցը Հայաստանի հետ պետք է քննարկել, քանի որ նրան ձերբակալել է հայկական կողմը:

Լավրովը ասել էր, թե քիչ չեն աշխարհի տարբեր երկրներում ձերբակալված ՌԴ քաղաքացիները: «Մենք մշատպես հետաքրքրվում ենք նրանց ճակատագրով, հաշվի առնելով ձերբակալման պատճառների մասին տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: Այդ պատճառների հիման վրա, գնահատելով հանցանքի ծանրությունն ու ներկայացվող մեղադրանքները, հաշվի առնելով, թե ինչ պայմաններում են նրանց պահում, ինչ է ծրագրում նրանց հանդեպ ձերբակալող երկիրը, մենք համապատասխան որոշում ենք կայացնում երկկողմ հարաբերություններում առկա կանալներով»,-ասել է Լավրովը, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:

«Քրեական գործի շրջանակում դատավարության ընթացքում պարզվել է, որ Ասկերովն Ադրբեջանի քաղաքացի է»,-ասել էր նրա փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ Ասկերովի ձերբակալության առաջին իսկ պահից ադրբեջանական մամուլը փորձում էր ներկայացնել նրան որպես ՌԴ քաղաքացի, ինչը չի համապատասխանում իրականությանը: 2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ:

2014-ի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը պատրաստվում են բողոքարկել իրենց դատավճիռները Վերաքննիչ դատարանում: Այս մասին Արցախպրես-ի հետ զրույցում հայտնել են ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---