Չավուշօղլու. Հայաստանն ու հայկական լոբբին լավ չեն ընդունում Թուրքիայի առաջարկները

Չավուշօղլու. Հայաստանն ու հայկական լոբբին լավ չեն ընդունում Թուրքիայի առաջարկները

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստան կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին ու անդրադարձել է թուրք գործիչ Դողու Փերինչեքի դատավարությանը՝ նշելով, որ այն ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ խոսքի ազատության իրավունքին է վերաբերում, տեղեկացնում է Tert.am-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով:

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանն ու հայկական լոբբին 2015թ. երրորդ երկրներում ավելացրել են իրենց ջանքերը և լավ չեն ընդունում Թուրքիայի՝ մինչ այժմ արած առաջարկները։ Նա ասել է նաև, որ Հայաստանը փորձում է քաղաքական ճանապարհներով արդյունքի հասնել:

Նախարարը դարձյալ հիշեցրել է Թուրքիայի առաջարկը՝ համատեղ հանձնաժողով ստեղծելու և գիտնականներին այդ հարցն ուսումնասիրելու հնարավորություն տալու վերաբերյալ: «Մենք ասացինք, որ կընդունենք արդյունքը՝ ինչ էլ որ լինի: Անցյալ տարի մեր նախագահը մի հայտարարություն արեց: Բարի նպատակներով մեր արած քայլերը ողջ աշխարհը տեսավ: Մենք այս հարցին մարդկային տեսանկյունից ենք նայում, և նման ողբերգության քաղաքականացմանը դեմ ենք»,-ասել է Չավուշօղլուն, նշելով, որ իրենք էլ ստիպված են լինում «կանխարգելիչ քայլեր» անել:

Չավուշօղլուն նշել է, որ արտգործնախարարությունն ու այլ նախարարություններ համատեղ դիվանագիտական ու մշակութային աշխատանքներ են իրականացնում:

Հունվարի 28-ին Ստրասբուգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ դահլիճում ավարտվեցին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» լսումները, որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան: ՄԻԵԴ-ում հավատարմագրված լրագրողների թիվն աննախադեպ է եղել՝ 50-ից ավելի:

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիմնական մանրամասներն ու հետևանքները, թուրքական ժխտողական քարոզչությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը եվրոպական դատարանում է՝ վստահ լինելու, որ ցեղասպանությունը ժխտելով մարդու իրավունքների մասին խոսելն անընդունելի է:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարեց Փերինչեքի հայցը:

«Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ», -ասվում է դատարանի որոշման մեջ: - «ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ խոսքի ազատության խախտման քողի տակ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համա»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ: Փետրվարի 17-ին Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասնագետները, հայտնի գիտնականները բաց նամակ էին հղել ՄԻԵԴ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի առնչությամբ: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները գտնում են, որ դատավճիռը կայացվել է պատմական ու հայեցակարգային սխալներով:

Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: 2014-ի մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը:

Լսումների ժամանակ բավականին լարված իրավիճակ էր դատարանի դիմաց: Հավաքվել են և հայեր, և թուրքեր, տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ: Հայկական կողմի աջակիցները կոչ էին անում՝ «Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---