Թալիշները բողոքի ալիք են բարձրացրել Ադրբեջանում. Պատճառը՝ վիրավորանքն էր հեռուստաեթերում

Թալիշները բողոքի ալիք են բարձրացրել Ադրբեջանում. Պատճառը՝ վիրավորանքն էր հեռուստաեթերում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանամետ ANS հեռուստաալիքի հաղորդավար Խալիդա Ահմեդովան թալիշներով բնակեցված երկրորդ քաղաք Աստարայի երիտասարդ բնակչին վիրավորել է այն բանի համար, որ վերջինս իր հարցին պատասխանել է թալիշերենով: Նա թալիշ երիտասարդին եթերում ասել է, թե կարձագանքի միայն այն դեպքում, երբ երիտասարդը «մաքրի բերանն այդ լեզվից»: Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ ադրբեջանական Moderator.az-ի վրա հղումով:

Ինչպես նշված է նյութում, ուղիղ եթերում ANS-ի հաղորդավարի այդ խոսքը, որով նա ոտնահարել է թե´ հեռուստաեթերի մշակույթի նորմերը, թե´ էթնիկ թալիշներին, բողոքի ալիք է բարձրացրել սոցցանցերում` թալիշ օգտատերերի շարքերում: Կայքը նկատում է, որ մեկ այլ հաղորդման ընթացքում ևս Խալիդա Ահմեդովան վիրավորական խոսքեր է հղել թալիշներին` նրանց բարձրացրած բողոքի առնչությամբ ասելով, թե «շունը հաչում է, քարավանը գնում է»:

Կայքը գրում է, որ ադրբեջանաբնակ թալիշներին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ նման վիրավորանքներ հնչել են մոտ կեսդարյա հաղորդավարական փորձ ունեցող մի կնոջ կողմից, ում ամուսինը ազգությամբ թալիշ Դավուդ Ահմեդովն է: Նրանք Ահմեդովից պահանջել են հրապարակավ կարգի հրավիրել «թաշիշների հողի հարս իր անդաստիարակ կնոջը» և հայտարարել, որ «թալիշներին վիրավորող կնոջից, եթե անգամ նա յոթանասունն անց է, պետք է ամուսնալուծվել»:

Moderator.az-ին հղած բողոք-նամակում ազգությամբ թալիշ Օրխան Բահադըրսոյը, հանդես գալով բոլոր ադրբեջանաբնակ թալիշների անունից, հայտարարել է, որ Խալիդա Ահմեդովան պետք է հրապարակավ ներողություն խնդրի թալիշ ժողովրդից, և խոստովանի, որ «ստորություն է արել, անդաստիարակ, անքաղաքավարի և լկտի վարք է ցուցադրել»:

«Հակառակ դեպքում, Խալիդա Ահմեդովայի դեմ ավելի մեծ բողոքի ալիք կբարձրանա», -հավաստիացրել է նամակի հեղինակը:

Թալիշները Հարավային Կովկասի բնիկ ազգերից են։ Պատմության ընթացքում ձևավորվել և այժմ ապրում են դեպի Կասպից ծով ելք ունեցող մի լեռնային (ինչպես նաև նախալեռնային) մարզում, որը կոչվում է Թալիշ՝ այժմ այն զբաղեցնում է Ադրբեջանի հարավ–արևելյան և Իրանի հյուսիս-արևմտյան հատվածները։ Թալիշների քանակը հասնում է 400 հազարի, սակայն Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են իրական տվյալները: Թալիշները շիաներ են:

Թալիշական ազգային զարթոնքի հարցում մեծ նշանակություն ունեցավ 1993թ. հունիսին թալիշ մի խումբ ազգայնական գործիչների կողմից Ադրբեջանի կազմում Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության հռչակումը, որը նույնպես շատ կարճ կյանք ունեցավ` գոյատևելով մինչև օգոստոս ամիսը: Կենտրոնական իշխանության կողմից թալիշական հուզումները դաժանորեն ճնշվեցին, բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում` շարժման ղեկավարները, հայտնվեցին բանտերում և ընդհատակում, շատերը տարագրվեցին: Իշխանությունների ձեռնարկած քայլերը նաև հոգեբանական նշանակություն ունեցան` թալիշական շրջաններում ստեղծելով վախի մթնոլորտ։ Թալիշական էթնոսի և թալիշական ազգային խնդիրների գոյության փաստն Ադրբեջանում այլևս փակուղի մտավ:

Թալիշների նկատմամբ խտրականության մեկ այլ ապացույց է այն փաստը, որ թալիշաբնակ շրջաններում պաշտոնավարում են ոչ թե թալիշներ, այլ տարբեր շրջաններից, հատկապես Նախիջեւանից ժամանած մարդիկ։ Զուգահեռաբար, թալիշական ազգային շրջաններում տեղի է ունենում ադրբեջանցիների եւ քրդերի վերաբնակեցում: 2007թ. փետրվարին թալիշ երկու հայտնի մտավորականների բանտարկությունը` Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Նրանցից մեկը Թալիշական մշակութային կենտրոնի տնօրեն, «Թոլիշի սյադո» (Թալիշների ձայն) թերթի խմբագիր, թալիշագետ Նովրուզալի Մամեդովն է, մյուսը` նույն կենտրոնի քարտուղար, արեւելագետ-իրանագետ Էլման Գուլիեւը։ Պետությանը դավաճանելու մեղադրանքով Ն.Մամեդովն ազատազրկվել է տասը, իսկ Է.Գուլիեւը` վեց տարով: Հետաքրքիր է, որ վերջիններս մշտապես աչքի են ընկել իշխանության նկատմամբ լոյալ վերաբերմունքով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---