Հայկական ընկերություններին հասանելի կդառնա 200 մլրդ դոլարը գերազանցող ՌԴ պետգնումների շուկան

Հայկական ընկերություններին հասանելի կդառնա 200 մլրդ դոլարը գերազանցող ՌԴ պետգնումների շուկան

PanARMENIAN.Net - Առաջիկայում` մի քանի օրից, Ռուսաստանի կառավարությունը որոշում կընդունի, որի համաձայն հայկական ընկերություններին հասանելի կդառնա ՌԴ պետգնումների շուկան: Այդ մասին «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հայկական բաժանմունքում տեղի ունեցած «Երիտասարդությունը ԵՏՄ-ում. Իրական ընտրությունը, ակնկալիքներն ու հնարավոր հեռանկարները» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է «Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը: Նա նշել է, որ ՌԴ պետգնումների շուկայի ծավալը 2012-ին կազմել է մոտ 200 մլրդ դոլար:

Ըստ նրա, հաշվի առնելով հայկական ընկերությանների պահպանման ցածր ծախսերը, նրանք կարող են միանգամայն մրցունակ լինել այդ ոլորտում: Դա նաև կարող է նպաստել նոր ընկերությունների բացմանը Հայաստանում: Արամ Սաֆարյանը նշել է նաև, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, կարող է լուրջ ներդրումների ակնկալիքներ ունենալ ռազմարդյունաբերության համալիրի և գյուղմթերքների վերամշակման ոլորտներում: ՀՀ կառավարությունն իր հերթին նույնպես պետք է նպաստի այդ ոլորտների զարգացմանն ու նոր ներուժ որոնի այնտեղ:

Ինչ վերաբերում է շարքային քաղաքացիների իրազեկմանը եվրասիական ինտեգրման ընթացքի ու ակնկալիքների մասին, ապա Սաֆարյանը նշել է, որ ԵՏՄ անդամակցության օրից արդեն 27 օր է անցել, սակայն «պետական մարմիններից դեռ ոչ մի կոնկրետ տեղեկատվություն չենք ստացել, որն անհրաժեշտ է քաղաքացիներին»: Սաֆարյանը հատուկ շեշտել է ԵՏՄ տարբերությունը Մաքսային միությունից՝ ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժին գումարվեց նաև աշխատուժի ազատ տեղաշարժը:

«Դա մեզ ի՞նչ է տալիս: 2012-ի դրությամբ Հայաստանից սեզոնային արտագնա աշխատանքի էր մեկնում տարեկան մոտ 225 հազար մարդ, որոնք Հայաստան էին փոխանցում 1,5-1,8 մլրդ դոլար: ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանի քաղաքացիները կկարողանան Միության երկրներում աշխատել առանց սահմանափակումների, միայն աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև օգտվել այն բոլոր սոցիալական բարիքներից, որոնցից օգտվում են այդ երկրների քաղաքացիները: Դրանք են՝ բուժծառայությունը, երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց ուղարկելու հնարավորությունը, կենսաթոշակային մուծումները և այլն»,-ասել է նա: Իսկ այն երկրների համար, որոնք ԵՏՄ-ին չեն անդամակցում, բայց որտեղից մեծ է արտագնա աշխատանքի ՌԴ մեկնողների թիվը, տարբերությունը կկազմի մոտ 10 մլրդ դոլար:

Արամ Սաֆարյանը նշեց նաև, որ փորձագիտական հանրությունն առաջարկում է Հայաստանի վարչապետին կից ստեղծել եվրասիական ինտեգրման գիտափորձնական խորհուրդ, որը լրջորեն կօգնի կառավարությանը լուծել 3 կարևորագույն խնդիր.

1. Համակարգել, վերլուծել ու ներկայացնել եվրասիական ինտեգրման մասին տեղեկատվությունը 2. Լուսաբանել և բացատրել քաղաքացիներին ինտեգրման նոր հնարավորությունները 3. Ստեղծել համագործակցության միջազգային, եվրասիական հարթակ

Նա նաև կարևորել է ԵՏՄ երկրների միջև զուգահեռ շփումների հաստատման անհրաժեշտությունը:

Իր հերթին «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հայկական բաժանմունքի տնօրեն Պավել Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդությունը չգիտի, թե ինչով են ապրում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի երիտասարդները: «Շփումը շատ կարևոր է լիարժեք ինտեգրման համար, քանի որ հենց ներկայիս երիտասարդությունն է շարունակելու իրականացնել այսօրվա գաղափարներն ու նպատակները, ինչն անհնար է ԵՏՄ մյուս երկրների մասին անիրազեկ լինելու դեպքում»,-ասել է նա:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՆ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---