Եգիպտոսում իսլամիստների հարձակման հետևանքով 27 մարդ է զոհվել. Նախագահն ընդհատել է այցը Եթովպիա

Եգիպտոսում իսլամիստների հարձակման հետևանքով 27 մարդ է զոհվել. Նախագահն ընդհատել է այցը Եթովպիա

PanARMENIAN.Net - Եգիպտոսում իսլամիստ գրոհայինների հարձակումների հետևանքով Սինայի թերակղզու մի քանի քաղաքներում 27 մարդ է զոհվել: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման եգիպտական «Անսար բեյտ ալ Մակդիս» խմբավորումը, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Գրոհայիններն ականանետներից գնդակոծել են ռազմակայանը, ոստիկանության բաժանմունքը և «Ալ Ահրամ» թերթի խմբագրությունը Հյուսիսային Սինայ գավառի մայրաքաղաք Էլ Արիշում:

Բացի այդ, գրոհ է ձեռնարկվել Գազայից ոչ հեռու գտնվող Շեյխ Զուվեյդ քաղաքում: 27 զոհերի մեծ մասը զինվորականներ են: Վիրավորվել է մոտ 50 մարդ:

Իսլամիստների այս գրոհներն ամենալուրջ հարձակումներն են Եգիպտոսում վերջին ամիսներին: Այս շաբաթ երկրում տեղի են ունեցել բողոքի մի քանի խոշոր ակցիաներ, կապված նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության չորրորդ տարելիցի հետ: Իսլամիստ գրոհայինները Եգիպտոսում սկսեցին ակտիվորեն ելույթ ունենալ իշխանությունների դեմ 2013-ին, երբ երկրի նախագահի պաշտոնից տապալվեց Մոհամմեդ Մուրսին:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին ընդհատել է այցը Եթովպիա Սինայի թերակղզում մի շարք ահաբեկչական գործողությունների պատճառով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Sky News Arabia-ի վրա հղումով:

Եգիպտոսի նախագահը պետք է մասնակցեր Ադիս Աբեբայում կայանալիք Աֆրիկյան միության գագաթնաժողովին, որը նվիրված է ահաբեկչության դեմ պայքարին:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---