2015-ին Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժություններ կանցկացվեն

2015-ին Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժություններ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մի շարք խոշոր զորավարժություններ կանցկացնի 2015-ին: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Մասնավորապես, նախատեսվում է լայնամասշտաբ զորավարժություն անցկացնել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ: Սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժություններ: Բացի այդ, նախատեսված են նաև զորավարժություններ կազմակերպության անդամ երկրների թմրանյութերի շրջանառությանը հակազդող ստորաբաժանումների զորավարժություններ, ինչպես նաև ՀԱՊԿ պետությունների ներքին գործերի ստորաբաժանումների օպերատիվ հավաք:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները 2014-ի հուլիսին համաձայնեցրին համատեղ գործողությունների համակարգումը սահմանային հակամարտությունների դեպքում: ՀԱՊԿ-ը շեշտում է ռազմական գործակցության ու համատեղ խաղաղապահ գործողությունների անցկացման կարևորությունը: Խաղաղարար վերջին՝ «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժություններն անցկացվել են 2014-ի ամռանը Բիշքեկի արվարձանում: Մասնակցել է ՀԱՊԿ 6 անդամ երկրների տարբեր ստորաբաժանումների ավելի քան 700 զինծառայող: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան նշել է, որ այս պահից կազմակերպությունը մասնակցելու է խաղաղապահ գործողություններին:

«Ժամանակակից աշխարհում, երբ տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ապակառուցողական գործունեություն են վարում, ծայրահեղ կարևոր է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կառույցների միջև փոխհամագործակցության սերտացումը»,- հայտարարել է Բորդյուժան:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին:Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը:

Պայմանագրի համաձայն` մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---