Ռոշբլուան. ԵԱՀԿ ՄԽ-ն իրավացի է`որպես լարվածության պատասխանատու Ադրբեջանին մատնանշելով

Ռոշբլուան. ԵԱՀԿ ՄԽ-ն իրավացի է`որպես լարվածության պատասխանատու Ադրբեջանին մատնանշելով

PanARMENIAN.Net - Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Միջնորդները կարծում են, որ լարվածության աճի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:

«Մենք ողջունում ենք միջնորդների հայտարարությունը, քանի որ այնտեղ «ճիշտ տերմինաբանություն է» օգտագործվել, որով ճանաչվում է Հայաստանի զուսպ պահվածքն ու ենթադրվում է Ստեփանակերտի առկայությունը որպես բանակցությունների կողմ»,-հայտարարել է Սենատի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ հավելելով, որ առանց հաշվի առնելու Ստեփանակերտի դիրքորոշումը, հնարավոր չէ հասնել վերջնական խաղաղ պայմանագրի կնքմանը:

«Միջնորդներն իրավացի են, որպես հակամարտության գոտում ապակայունացման համար պատասխանատաու մատնանշելով Ադրբեջանին: Հավասարության նշանն ագրեսորի ու պաշտպանվողի միջև չի նպաստում հակամարտության լուծմանը: Խաղաղության և կայունության հաստատման համար գերադասելի է իրականությունն արտացոլող անաչառությունը, քան կեղծ պարիտետը, որով հավասարության նշան է դրվում ղարաբաղյան ժողովրդավարության և ադրբեջանական բռնատիրության միջև»,-եզրափակել է Ռոշբլուանը, հայտնում է Armenia Today-ը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրուն (Ֆրանսիա), Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ «Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մեր խորին մտահոգությունն ենք հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր։ Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի՝ վերականգնելու համար վստահությունը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին։ Մենք կոչ ենք անում նաև Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Բոլոր կողմերն էլ պետք է հավատարիմ մնան հրադադարի պահպանման ռեժիմի պայմանավորվածությանը։ Բռնությունը խաթարում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Մենք նախարարի հետ քնարկել ենք խաղաղության կարգավորման գործընթացի հետագա հնարավոր քայլերը, ներառյալ համապարփակ բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել խնդրի տևական լուծմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց։ Մենք Ադրբեջանի արտգործնախարարին հիշեցրել ենք Մինսկի խմբի համանախագահների մանդատի (լիազորությունների շրջանակի), Մինսկի խմբի համանախագահների դերի և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների մասին և մտահոգություն հայտնել շարունակվող բանակցային գործընթացի, վերաբերյալ հնչող քննադատության առնչությամբ։

Համանախագահները պատրաստվում են մոտ ապագայում հանդիպել ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին և այնուհետ այցելել տարածաշրջան:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:

Հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (15 արկ) և ՌՊԳ-7 (6) ու ԱԳՍ (32) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (114 արկ) և ՌՊԳ-7 (5), ՍՊԳ (1) ու ԱԳՍ (37) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---