19  30.01.15 - ArmenianGenocide100.org կայքի շնորհանդեսը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանի և հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի մամուլի ասուլիսը

ArmenianGenocide100.org. Գործարկվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը

ArmenianGenocide100.org. Գործարկվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը

PanARMENIAN.Net - Գործարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը` ArmenianGenocide100.org, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի որոշմամբ: Այժմ այն հասանելի է 3 լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, մոտ ապագայում կավելանան նաև թուրքերենը, ֆրանսերենն ու իսպաներենը: Կայքը հիմնական 5 բաժին ունի՝ «Ցեղասպանություն», «Ճանաչում», «Պատմիր քո պատմությունը», «Նորություններ» և «Գրադարան», որտեղ ներկայացված են, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը, դրա ժամանակագրությունը, ոճրագործությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների և տարածքային ինքնակառավարման մարմինների ցանկը:

Առանձին՝ «Պատմիր քո պատմությունը» բաժնում ամեն հայ աշխարհի յուրաքանչյուր կետից կարող է պատմել իր նախնիների պատմությունը։ Հարթակի միջոցով նաև նույն գերդաստանի, ընտանիքի տարբեր սերունդներ հնարավորություն կունենան գտնել միմյանց։ Բացի այդ, բաժնում արդեն տեղադրված են ցեղասպանությունը վերապրածների մի շարք պատմություններ:

Կայքի շնորհանդեսի ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով այս բաժնին, նշել է, որ դրա նպատակը ոչ միայն Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների մասին տեղեկատվություն հավաքելն է, այլև «տեղեկատվություն սփռելը»:

«Ակնկալում ենք, որ այս ծրագրին կմասնակցեն հատկապես աշակերտներն ու ուսանողները, որոնք կճշտեն իրենց ընտանիքի պատմությունը, որին հաճախ ծանոթ չեն լինում: Սա լավ առիթ է, որպեսզի մեծերը պատմեն, թե ինչպես է այս հանցագործությունն առնչվել իրենց ընտանիքին»,- նշեց նա:

ArmenianGenocide100.org-ում առանձին տեղ է հատկացված «Այս օրը 100 տարի առաջ» խորագրով բաժնին, որտեղ ամեն օր ներկայացվում են 100 տարի առաջ այս օրը տպագրված մամուլի հրապարակումները՝ կարճ նկարագրություններով, իսկ «Գրադարան» բաժնում հավաքված են ֆոտո և վիդեոարխիվ, Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքեր և վիզուալ նյութեր:

Անդրադառնալով 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ առաջիկայում կայանալիք խոշոր միջոցառումը կլինի մարտի 18-20-ին՝ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա-ֆորում.

«Այժմ աշխատում ենք տարածաշրջանային հանձնախմբերի հետ, որ այդ ֆորումին ներկա լինեն տարբեր միջազգային, տարածաշրջանային ազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչներ»:

Ապրիլին 22-23-ին կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որը հանցագործության մասին խոսելու հարթակ է լինելու:

Խոսելով ապրիլի 23-ին Երևանում կայանալիք System of a Down-ի համերգի մասին, միջոցառումների համակարգողը նշեց, որ Կազմկոմիտեի որոշումն էր, որ մշակույթի ոլորտում գլխավոր պահանջը հնչեցնի հենց այդ խումբը՝ «որպես միասնականության և պահանջատիրության առաջամարտիկների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ»:

Անդարդառնալով համերգից հետո կայանալիք ավանդական ջահերով երթին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս տարի դրա մասնակիցների թիվը սովորականից ավելին է լիենլու.

«Ապրիլի 24-ին արտասահմանյան ներկայացուցչությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում կանցկացվի ոգեկոչման հիմնական արարողությունը, որտեղ նաև ելույթներ են նախատեսվում: Երեկոյան կկանայա դասական երաժշտության մեծ համերգ, որի մասնակիցները կլինեն Ցեղասպանությունը ճանաչած կամ այդ ուղղությամբ քայլեր կատարած երկրների ներկայացուցիչները»,- նշեց նա՝ հավելելով սակայն, որ ապրիլի 24-ով ոչինչ չի վերջանում:

Ըստ Վիգեն Սարգսյանի, մինչև տարեվերջ տարատեսակ միջոցառումներ են նախատեսված, որոնց օրերն ու անցկացման վայրերը ֆիքսված են:

Անդրադառնալով նախօրեին՝ հունվարի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հռչակագրին, նա նշեց, որ այն արդեն թարգմանվել է 6 լեզվով, այդ թվում՝ արևմտահայերեն:

Հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ իր հերթին նշեց, որ թանգարան-ինստիտուտը ներգրավված է լինելու բազմաթիվ խոշոր միջոցառումներում: «Արդեն հաստատված է 40 հասցե, որտեղ պետք է ցուցադրություն կայանա, և այդ թիվն օրեցօր ավելանում է»:

Անդրադառնալով հարցին, թե ճանաչումից բացի ինչ այլ պահանջ է հանձնաժողովը դնելու Թուրքիայի առջև, Վիգեն Սարգսյանը նշեց, որ նմանը դեռ չեն առանձնացնում՝ եթե պատրաստ լինեին փակագծերն ավելի բացել, դա կարտացոլվեր նաև հռչակագրում:

Նախօրեին հրապարակված Համահայկական հռչակագրում հանձնաժողովն արձանագրել էր, որ իրավական պահանջների թղթածրար է մշակվում՝ դիտարկելով այն որպես իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ։

«Հանձնախումբը դեռ աշխատում է, և հստակ ժամանակացույց դրված չէ, թե երբ է պետք ներկայացնել վերջնական փաթեթը, որովհետև իրականում դրա մշակումը նախատեսում է շատ լուրջ ներքին համաձայնեցումներ և աշխատանքներ բոլոր հնարավոր շահառուների հետ», - ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ հռչակագիրն առաջին փաստաթուղթն է, որի ստեղծման վրա աշխատել են Հայաստանի և սփյուռքի բոլոր կառույցները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը նիստի ընթացքում միաձայն ընդունվել է պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնել այն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ևս մեկը կհանձնվի ՀՀ ազգային արխիվ:

Կարդացեք նաև՝ Հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---