Մերկելը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում Հունաստանի պարտքերը չեղյալ համարելու համար

Մերկելը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում Հունաստանի պարտքերը չեղյալ համարելու համար

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում Հունաստանի պարտքերը չեղյալ համարելու համար

«Նման կամավոր չեղարկում արդեն եղել է մասնավոր վարկատուների կողմից, իսկ բանկերն առանց այդ էլ Հունաստանին միլիարդներ են ներել»,-ասել է Մերկելը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Hamburger Abendblatt թերթի վրա հղումով: Կանցլերը նշել է, որ «Եվրոպան կշարունակի համերաշխություն հայտնել Հունաստանին, ինչպես նաև մյուս երկրներին, որոնք առավել շատ են տուժել ճգնաժամից, եթե այդ երկրները կյանքի կոչեն սեփական բարեփոխումներն ու պահպանեն խստիվ տնտեսման միջոցները»:

Այն բանից հետո, երբ 2010-ին սկսվեց պարտքային ճգնաժամը, Աթենքը ստիպված եղավ դիմել արտաքին ֆինանսական օգնության համար: Երկու տարի անց Հունաստանը համաձայնության եկավ վարկատուների եռյակի հետ ի դեմս ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի: Ուստի, Աթենքին բազմամիլիարդանոց վարկեր տրամադրվեցին, մարվեց մասնավոր վարկատուների առջև նրա պարտքերի կեսը, իսկ փոխարենը մի շարք պահանջներ առաջադրվեցին, ինչպիսիք են կոշտ տնտեսման միջոցները, մոտ 50 մլրդ եվրոյի պետական ակտիվների սեփականաշնորհումը մինչև 2015-ի ավարտը, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը:

Հունվարին Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց ձախակողմյան ծայրահեղական «ՍԻՐԻԶԱ»-ն: Երկրորդը «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն էր, որը գլխավորում էր գործող վարչապետ Անտոնիս Սամարասը, նա ընդունել է պարտությունն ու շնորհավորել է մրցակցին:

Խորհրդարանական ընտրություններում հաղթած «ՍԻՐԻԶԱ» կուսակցության առաջնորդ և նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մտադիր է չեղյալ հայտարարել խիստ տնտեսման միջոցները, որոնց դիմաց Հունաստանի նախկին կառավարությունը վարկեր էր ստանում ԵՄ-ից ու միջազգային ֆինանսական կառույցներից: Ցիպրասը մտադիր է հասնել նրան, որ երկրի բազմամիլիարդանոց պարտքը չեղյալ համարվի: Ըստ նրա, ընտրությունները Հունաստանում «խթան կհանդիսանան փոփոխությունների համար ամբողջ Եվրամիության տարածքում»: Ցիպրասը հայտարարել է, որ վարկատուների «եռյակի» վերջը եկել է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր հերթին գրել է Թվիթերում, որ «ՍԻՐԻԶԱ»-ի հաղթանակը Հունաստանում կարող է ուժգնացնել տնտեսական անորոշությունը Եվրոպայում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---