Դե Վաալ. Կանգնում եմ նրանց կողքին, ով 1915-ի իրադարձությունները «Հայոց ցեղասպանություն» է անվանում

Դե Վաալ. Կանգնում եմ նրանց կողքին, ով 1915-ի իրադարձությունները «Հայոց ցեղասպանություն» է անվանում

PanARMENIAN.Net - «Այդ իրադարձությունները ես նույնպես անվանում եմ Հայոց ցեղասպանություն», - իր `«Հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերում» գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, հայտնում է Panorama.am-ը «Ամերիկայի ձայն»-ի վրա հղումով:

Շնորհանդեսի բացումը կատարել է Քարնեգիի նախագահ Ջեսիկա Մեթյուսը, նա Օսմանյան կայսրությունում այդ տարիներին ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռն է։

Մեթյուսի խոսքով, դը Վաալի «Հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերում» վերնագրով այս գիրքը ոչ թե պատմական ակնարկ է, այլ պատմում է, թե ինչպես են այդ իրադարձություններն իրենց ազդեցությունը գործում հայերի ու թուրքերի վրա։

«Թեև Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ջարդերից հետո, որը շատերի համոզմամբ ցեղասպանություն էր, անցել է ուղիղ մեկ դար, այն շարունակում է մնալ հայերի հիշողություններում, համախմբում է նրանց ամբողջ աշխարհում, ձևավորում ժամանակակից Թուրքիայի ինքնությունն ու քաղաքականությունը և տարիներ շարունակ գրավում ԱՄՆ-ի քաղաքական գործիչների ուշադրությունը»,- ներկայացնելով գրքի շնորհանդեսը` նախաբանում նշել են Վաշինիգտոնի Քարնեգի հաստատությունն ինտերնետային էջում:

«Այդ իրադարձությունները ես նույնպես անվանում եմ Հայոց ցեղասպանություն», - ըստ աղբյուրի ասել է դը Վաալը և հավելել, որ քաղաքական հարթակներում հենց այս եզրն է դառնում ամենալուրջ տարաձայնությունների ու հակասությունների առարկա:

«Ցեղասպանություն»-ը խնդրահարույց բառ է և ընտրված ոչ լավագույն եզրը, սակայն ես կանգնում եմ այն մարդկանց կողքին, ովքեր այն «Հայոց ցեղասպանություն» են անվանում»։

Թոմաս դը Վաալը ի խոսքում հիշեցրել է, որ Ցեղասպանութույն տերմինը շրջանառության մեջ է դրել Ռաֆայել Լեմկինը Մեծ եղեռնից 30 տարի անց: Լեմկինի` ցեղասպանության մասին գիրքն էլ առաջին անգամ 1944 թվականին հրատարակել է հենց Քարնեգի հիմնադրամը:

Դը Վաալը պատմել է 1965 թվականին Երևանում անցկացված ցույցի մասին, անդրադարձավ 1970-ականներին հիմնադրված «հայկական ահաբեկչական» երկու կազմակերպություններին ու կարծիք հայտնել, որ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականին արտասանած «Հայոց ցեղասպանություն» բառերի կիրառումից մի քանի ամիս անց հրաժարվել է նաև թուրք դիվանագետների դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների պատճառով։

Վերլուծաբանը խոսել է նաև 1977 թվականին Թուրքիայի արտգործնախարարի ու հայ քաղաքական գործիչ Պարունակ Թովմասյանի միջև անցկացված գաղտնի հանդիպման, այլ իրադարձությունների մասին:

«Չնայած հայերը գոհ չէին անցյալ տարի Թուրքիայի վարչապետի արտասանած ցավակցական հայտարարությունից, հարկավոր է կարևորել այն հանգամանքը, որ Թուրքիան առաջին անգամն էր հանդես գալիս նման խոսքերով», - ասել է դը Վաալը՝ հավելելով սակայն, որ ինքն այժմ պակաս լավատես է՝ Թուրքիայում ժողովրդավարության ճանապարհին կատարված հետընթաց շարժման պատճառով։

Պատասխանելով Ադրբեջանի դեսպանության աշխատակիցներից մեկի հարցին՝ վերլուծաբանն ասել է, թե Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները փակելու հանգամանքը որևէ դեպքում չի բխում որևէ կողմի շահերից, և որ «Հայաստանը մեկուսացնելու յուրաքանչյուր քայլ Հայաստանին ավելի է մղում դեպի Ռուսաստան, ինչը չպիտի բխի, օրինակ, հայ - ադրբեջանական հակամարտությունը լուծելու շահերից»։

«Ես ինքս կիրառում եմ «Հայոց ցեղասպանություն» բառերը, սակայն կիրառում եմ հավատալով, որ այս բառակապակցությունն իր մեջ կրում է սահմանափակումներ»,- ասել է վերլուծաբանը`ապա նշել, որ խնդիրը լուծելու համար 100 տարին շատ քիչ է թուրքերի, սակայն շատ ուշացած՝ հայերի համար:

«Սա է ամբողջ խնդիրը», - նշել է նա` եզրափակելով իր խոսքը:

Թոմաս Պատրիկ Լաունդիս դը Վաալը (ծնվ. 1966 թ.) բրիտանացի լրագրող և գրող է, հայտնի է Հարավային Կովկասյան հակամարտությունների ու քաղաքականության թեմայով իր վերլուծություններով։

«Հայերի ոչնչացումն Օսմանյան կայսրությունում 1915-1916թթ. Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ոճրագործությունն էր: Ողջ մնացած հայերը սփռվեցին աշխարհով մեկ: Անկախ բազմադարյա պատմությունից, այն, ինչ մարդկանց մեծամասնությունը կոչում է Հայոց ցեղասպանություն, շարունակում է զգոն պահել աշխարհի հայերին, ազդում է ժամանակակից Թուրքիայի ինքնության և քաղաքականության վրա և գրավում է շատ ամերիկյան քաղաքական գործիչների: Իր գրքում Թոմաս դե Վաալը ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության հետևանքներն ու պատմում է քաջ հայերի, քրդերի ու թուրքերի վերջին փորձերի պատմությունը՝ պայմանավորվելու այն պայմաններում, երբ Թուրքիան մուտք էր գործում հետքեմալական շրջան»,- ասված է «Քարնեգի» հիմնադրամի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---