Պենտագոնի ղեկավարը չի բացառում ԱՄՆ ցամաքային զորքեր Իրաք գործուղելու հավանականությունը

Պենտագոնի ղեկավարը չի բացառում ԱՄՆ ցամաքային զորքեր Իրաք գործուղելու հավանականությունը

PanARMENIAN.Net - Հակազդեցությունն ահաբեկչական «Իսլամական պետության» խմբավորմանը կարող է Իրաք ամերիկյան ցամաքային զորքերի գործուղում պահանջել: Նման հայտարարություն է արել CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա նպատակահարմար է գտնում տարբեր սցենարների դիտարկումը, այդ թվում զինծառայողների գործուղումն Իրաք, որոնք, անմիջական մասնակցություն չունենալով մարտական գործողություններին, կզբաղվեն հետախուզական տվյալների հավաքագրմամբ ու հակառակորդի դիրքերի բացահայտմամբ: «Կարծում եմ, իրավիճակը կարող է պահանջել, որ մենք զինծառայողներ ուղարկենք: Դեռևս դրա կարիքը չկա, իսկ ապագայում կլինի թե ոչ նման անհրաժեշտություն, չեմ կարող ասել»,-խոստովանել է Հեյգելը:

2014-ի նոյեմբերին ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին հայտարարեց, որ կարող է պահանջվել ամերիկյան զինվորական մասնագետների ներկայությունն Իրաքում, եթե իսլամիստների դեմ գործողությունների անցկացումը բարդանա:

Տարեվերջին Հեյգելը հրաժարական տվեց, նախագահ Օբաման առաջարկեց Էշթոն Քարթերի թեկնածությունը: ԱՄՆ Կոնգրեսի Սենատը մտադիր է քննարկել նրա թեկնածությունը փետրվարին:

Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ ռազմավարությունը ենթադրում է ավիահարվածներ իսլամիստների դիրքերին: Նրանց դեմ հարձակողական գործողությունները ցամաքում իրականացնում է Իրաքի բանակը: Այժմ Իրաքում տեղակայված է մոտ 4,5 հազար ամերիկացի զինվորական խորհրդական ու տեսուչ: Ամերիկյան ավիացիան սկսել է ռմբակոծել ԻՊ ջոկատներն Իրաքում օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից: Իրաքում ԱՄՆ ՌՕՈւ գործողություններին մասնակցում են նաև Ավստրալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Կանադայի, Նիդերլանդների ու Ֆրանսիայի ինքնաթիռները, Սիրիայում՝ Բահրեյնի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Սաուդյան Արաբիայի:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում «դաշնակիցների առանցքային խմբի» առաջին միջազգային խորհրդակցության ավարտին հայտարարեց, որ «Իսլամական պետության» դեմ գործող միջազգային կոալիցիան մտադիր է «12 զինվորական բրիգադ պատրաստել Իրաքում և գարնանը կսկսի սիրիական մարտիկների պատրաստումը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու Քաթարի տարածքներում գտնվող ճամբարներում»:

«Իսլամական պետության» մարտահրավերը գլոբալ խնդիր է, որը պահանջում է երկարաժամկետ գլոբալ պատասխան»,- ասել է Քերին: Ըստ նրա, միջազգային ջանքերով ավիահարվածների օգնությամբ հաջողվել է զսպել ԻՊ առաջխաղացումը, իսկ որոշ դեպքերում նաև ստիպել նահանջել: Միաժամանակ նա մերժել է արևմտյան ԶԼՄ-ներում հայտնվող ենթադրություններն ԻՊ ազդեցության ոլորտի ընդլայնման մասին նոր կողմնակիցների հաշվին այնպիսի երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Լիբիան ու Աֆղանստանը՝ անվանելով դա «փոքրաթիվ խմբերի որոշում»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալ գրավեց Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչ փախավ քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014 ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Մինչդեռ ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ և Իրաքի զինված ուժերը համատեղ լայնածավալ գործողություն են պատրաստում, որի նպատակն է Մոսուլի ազատագրումը ԻՊ գրոհայիններից, որոնք վերահսկում են Իրաքի երկրորդ քաղաքը նախորդ տարվա հունիսից: Գործողությունը նախատեսվում է սկսել գարնանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Եթե մենք ինքնուրույն կամ մյուս դաշնակիցների հետ անցկացնեինք գործողությունը, այն, հավանաբար, ավելի արագ կընթանար, սակայն քրդերն ամեն ինչ ինքնուրույն պետք է անեն»,-ասել է Լլոյոդը Wall Street Journal-ին: Հայտարարությունը հնչել է Իրաքի իշխանությունների չդադարող քննադատության ֆոնի վրա, որոնք մեղադրում են միջազգային կոալիցիային աջակցությունը ուշացնելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---