Բրայզան անհնար է համարում Թուրքիայի ու Գերմանիայի մասնակցությունը ՄԽ աշխատանքին

Բրայզան անհնար է համարում Թուրքիայի ու Գերմանիայի մասնակցությունը ՄԽ աշխատանքին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն, այդ թվում նաև Ֆրանսիան, առավել ակտիվ լինեն այդ հարցում: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, Տալլինում Ռազմական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ըստ նրա, տրանսատլանտյան ընկերակցության երկրները պետք է ղարաբաղյան կարգավորման գործընթացն իրենց գլխավոր առաջնայնությունը դարձնեն, քննարկեն այդ հարցը Ռուսաստանի հետ ու «բացատրեն այդ երկրին, որ, եթե նա ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ԵՄ ու ԱՄՆ հետ, պետք է նպաստի առաջընթացին կարգավորման հարցում»:

Բրայզան նշել է, որ այժմ Արևմուտքը չի կարող ամբողջությամբ կենտրոնանալ ղարաբաղյան կարգավորման վրա Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով:

«Այսօրվա դրությամբ լավ հիմք է ստեղծված այդ հարցում բեկման հասնելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբին հաճախ են քննադատում տեսանելի արդյունքների բացակայության համար, սակայն դա այդպես չէ: Մինսկի խումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ միասին սահմանել է բանակցությունների շրջանակը: 2008-ին համաձայնություն ձեռք բերվեց Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ»,- ասել է Բրայզան:

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները բավարար քաղաքական աջակցություն չեն ստանում Արևմուտքի ղեկավարներից, այդ թվում ԱՄՆ-ի, որպեսզի կարողանան բացատրել իրենց ժողովրդներին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ԶԼՄ-ների որոշ հաղորդագրություններին Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխության մասին՝ դիվանագետն ասել է, որ անհնար է համարում Թուրքիայի ու Գերմանիայի մասնակցությունը ՄԽ աշխատանքին: Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի ընդունի Թուրքիային որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում:

«Դա հնարավոր կլինի միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում, բայց դա ձեռնատու չէ Ադրբեջանին: Ադրբեջանը թույլ չի տա, որ Թուրքիան բացի սահմանը Հայաստանի հետ: Ավելին, Հայաստանը թույլ չի տա, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ»,-ասել է նա:

Ըստ Բրայզայի, Գերմանիան ևս ունակ չէ զգալի ավանդ ունենալ հակամարտության կարգավորման գործում: «Ես չգիտեմ, ով և ինչու է առաջարկել որպես միջնորդ ներգրավել Գերմանիային, և ինչպես այդ երկիրը կարող է օգնել այս հարցում: Կարծում եմ ԵՄ-ն այս առումով ավելի արդյունավետ կլիներ, քանի որ ԱՄՆ և Ռուսաստանի գործընկներն է»,-ասել է նա:

Բրայզան կարծիք է հայտնել, որ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն դուրս գար բանակցային գործընթացից՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին խոսել առանց միջնորդների: «Այլևս միջնորդների կարիք չկա, կողմերը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել, որոնք կզբաղվեն հանդիպումների կազմակերպմամբ: Կարևորն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն անմիջապես իրար հետ շփվեն: Այժմ շատ հեշտ է մեղադրել միջազգային միջնորդներին, սակայն նրանք ոչինչ չեն որոշում, նրանք առաջարկում են լուծման ուղիները»,-ասել է Բրայզան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---