Ադրբեջանի, Սոմալիի, Ալբանիայի նախագահներն ու արքայազն Չարլզը կմասնակցեն Չանաքքալեի միջոցառումներին

Ադրբեջանի, Սոմալիի, Ալբանիայի նախագահներն ու արքայազն Չարլզը կմասնակցեն Չանաքքալեի միջոցառումներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Սոմալիի, Ալբանիայի նախագահները, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը ընդունել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը՝ մասնակցել Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որն այս տարի տեղի է ունենալու ապրիլի 24-ին: Այդ մասին հայտնում է Canakkaleninrehberi.com-ը:

Եվս 38 երկիր ընդունել է Էրդողանի հրավերը, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ մակարդակով նրանք ներկայացված կլինեն: Ընդհանուր առմամբ հրավեր է ուղարկվել 102 երկրի ղեկավարներին: Էրդողանը հրավիրել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Իր նամակում Էրդողանը գրել է. «Մենք միասին ենք մարտնչել այդ ճակատամարտում, հենց այդ պատճառով եմ ես հրավիրում նաև Ձեզ»:

ՀՀ նախագահը մերժեց թուրք պաշտոնակցի հրավերն՝ առաջարկելով Անկարային նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Չանաքքալեի ճակատամարտը տեղի է ունցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտի երկրների նավերին մտնել Դարդանելի (Չանաքքալեի) նեղուց: Օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն երբեք չի նշվել ապրիլին: Թուրքիայում համարում են, որ տարելիցը ANZAC-ի (Օսմանյան կայսրության դեմ կռվող` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուս) սերունդների հետ բարեկամություն հաստատելու միջոց է:

Դա լայնամասշտաբ ռազմական գործողություն էր, որը Ուինսթոն Չերչիլի նախաձեռնությամբ իրականացրել են Անտանտի անդամ երկրները՝ Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ: Նրանց նպատակն է եղել գրավել Դարդանելը (Չանաքքալե), հասնել Կոստանդնուպոլիս և ծովային ուղի բացել դեպի Ռուսաստան:

Դարդանելի օպերացիայի առաջին հարձակումը եղել է 1915 թվականի փետրվարի 19-ին, հաջորդը՝ փետրվարի 25-ին սակայն 2-ն էլ անհաջողության են մատնվել Անտանտի ռազմանավերի համար: Դարդանելը գրավելու նպատակով գլխավոր հարձակումը տեղի է ունեցել մարտի 18-ին, սակայն թուրքերին հաջողվել է պայթեցնել Անտանտի ռազմանավերի մեծ մասն ու հաղթել:

1915թ. Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտը վերջինն էր, որում հաղթեցին օսմանները: Թուրքական զորքերի հրամանատարն էր Աթաթուրքը:.

Photo: Outgoing.upjet.com.tr
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---