Գերմանիան այս պահին այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին

Գերմանիան այս պահին այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին

PanARMENIAN.Net - Գերմանիան խորապես մտահոգված է վերջին շրջանում կանոնավոր դարձած հրադադարի ռեժիմի խախտումներով ղարաբաղյան հակամարտության գոտում, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Գերմանիան կշարունակի գործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ և ընթացիկ տարում, երբ վերջինս նախագահելու է ԵԱՀԿ-ում: Որպես ՄԽ անդամ Գերմանիան հետևողականորեն սատարում է համանախագահների ջանքերին: Մենք լիովին հավատարիմ ենք հակամարտության կարգավորմանը տարածքային ամբողջականության, վիճահարույց հարցերի խաղաղ հանգուցալուծման և ինքնորոշման սկզբունքների հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Գերմանիայի ԱԳՆ-ն շեշտում է, որ Բեռլինն այս պահին այլընտրանք չի տեսնում «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, որին սատարում են նաև հակամարտության կողմերը: Միևնույն ժամանակ, սատարելու համար ՄԽ ջանքերին Եվրամիությունը պետք է առավել արդյունավետ ներգրավվածություն ունենա այս հարցում: Օրինակ, ԵՄ-ն վստահություն առաջացնող միջոցների օգնությամբ կարող է մասնակցել կարգավորման գործընթացին», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Մտահոգություն հայտնելով շփման գծում վերջին սրացումների վերաբերյալ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն նշում է. «Մենք կոչ ենք անում կողմերին վերլուծել դիտարկումների մեխանիզմի խախտումները: Մինսկի գործընթացի շարունակման հիմնական պայմաններից է հրադադարի ռեժիմն ու նրա պահպանումը»:

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ԼՂՀ-ից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ամբողջ առաջնագիծը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 2200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 40000 կրակոց:

Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և վիրավորներ: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր երկու անգամ քիչ կրակոց. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հունվարի 19-ից 24-ն ընկածշ ժամանակահատվածում խախտել է մոտ 1800 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20.000 կրակոց:

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---