Առաջիկա 4-5 տարում ռոումինգը ԵՏՄ-ում կարող է զրոյացվել

Առաջիկա 4-5 տարում ռոումինգը ԵՏՄ-ում կարող է զրոյացվել

PanARMENIAN.Net - Առաջիկա 4-5 տարում ռոումինգը Եվրասիական տնտեսական միությունում կարող է զրոյացվել: Այդ մասին լրագրողներին է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Նուրլան Ալդաբերգենովը Մոսկվայում կայացած ԵՏՄ պետությունների հակամենաշնորհային մարմինների ղեկավարների խորհրդակցության ավարտին, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Նախարարը նշել է, որ հետազոտություն է անցկացվել ԵՏՄ երկրներում միջպետական ռոումինգի գների վերաբերյալ, որոշ բջջային օպերատորներ տուգանվել են: Մինչև տարեվերջ նախատեսվում է ԵՏՄ երկրների բջջային օպերատորների հետ քննարկել ռոումինգի գների նվազեցմանն ուղղված միջոցները: Բացի այդ, նախատեսվում է, ներկայացնել արդարացի ռոումինգի սկզբունքների ներդրման գործողությունների ծրագիրը:

Ալդաբերգենովը նշել է, որ ռոումինգի զրոյացումը շահավետ է ոչ միայն սպառողներին, այլ նաև բջջային օպերատորներին: Ինչպես ցույց է տալիս Եվրամիության փորձը, որի ներսում հրաժարվել են միջպետական ռոումինգից, գների զրոյացման դեպքում օպերատորների ծառայությունների ծավալը զգալիորեն կավելանա, համապատասխանաբար, կավելանա նաև նրանց շահույթը:

ԵՏՄ-ում միջազգային ռոումինգի մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2015-ի գարնանը: Այդ մասին հայտնել էր ՌԴ կապի ու զանգվածային հաղորդակցությունների նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի կապի ու տեղեկատվայնացման փոխնախարար Դմիտրի Շեդկոն:

«Կապի ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կազմավորմամբ: 2015-ի գարնանը Մոսկվայում կստորագրվի առաջին համաձայնագիրն այդ հարցով»,-ասել է նա:

Ըստ Շեդկոյի, միջազգային ռոումինգի հարցն աստիճանաբար է լուծվում, և հստակ ասել, թե երբ կլուծվի այդ հարցը, դեռ վաղ է: »Մինչև 2020 թվականը դա հաստատ տեղի կունենա, քանի որ այդ ժամանակ մենք արդեն կունենանք կապի ծառայությունների միասնական շուկա»,-պարզաբանել է նա:

«Համաձայնագիրը կընդգրկի ոչ միայն Մաքսային միության երկրները, այլ նաև ԱՊՀ որոշ երկրներ, ով կցանկանա միանալ»,-ասել է Շեդկոն:

Կապի ծառայությունների միասնական շուկայի ստեղծումը նախատեսում է համատեղ լուծումների համալիր՝ դա տվյալների անդրսահմանային փոխանցում կլինի, ձեռնարկությունների համար հավասար պայմանների ստեղծում, սակագների ձևավորում, նոր տեխնոլոգիաների կիրառում, սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր կանոնների ձևավորում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---