Կոմիտաս վարդապետի 145-ամյա հոբելյանին նվիրված ձայնասկավառակ է թողարկվել

Կոմիտաս վարդապետի 145-ամյա հոբելյանին նվիրված ձայնասկավառակ է թողարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանը համալրվել է թվայնացված ևս մեկ ալբոմով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ մշակույթի նախարարության և «Պրոլայթինգ» ընկերության գործակցության արդյունքում այս անգամ ստեղծվել է Կոմիտաս վարդապետի 145-ամյա հոբելյանին նվիրված ձայնասկավառակ, որը ներառում է հայերեն և անգլերեն յոթ աուդիո և մեկ մուլտիմեդիա սկավառակ: Ալբոմում ընդգրկված են Կոմիտասի լուսանկարներ և մատիտանկարներ, վարդապետի կատարմամբ պահպանված ձայնագրություններ, ինչպես նաև Հայաստանի երաժշտական կոլեկտիվների կոմիտասյան ստեղծագործությունների լավագույն կատարումներ:

Այս ինքնատիպ հավաքածուն կարևոր է ոչ միայն որպես սերունդներին փոխանցվող մշակութային արժեք, այլև որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներկայացվող կոչնակ` ուղղված ամբողջ աշխարհին: Հավաքածուն նախատեսված չէ վաճառքի համար: Թվայնացված ալբոմը տրամադրվելու է աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին: Ձայնասկավառակն ապագա սերունդներին ուղղված պատգամ է` պահպանելու և տարածելու մեզ հասած մշակութային հարուստ ժառանգությունը:

«Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար»: Սա Պարույր Սևակի խոսքերն են: Ժամանակն է, որ պատշաճ մակարդակով և հետևողականորեն աշխարհին ներկայացնենք հանճարեղ հայի ստեղծած երաժշտական գանձերը: Կոմիտասյան հարուստ ժառանգության ընտրանին Հայոց Եղեռնի հարյուրամյա տարելիցին ներկայացնելն ունի բարոյական մեծ խորհուրդ: Պետք է ոչ միայն խոնարհվենք, ակնածանք տածենք Կոմիտասի նկատմամբ, այլև նրա ապրած կյանքի տիրական ներկայության օրինակով, փորձենք նպաստել ազգի միասնականությանը, ազգային նպատակների իրագործմանը՝ ապրելով և գործելով այնպես զուսպ, հետևողականորեն ու մտածված, ինչպես դա մեզ պարտադրում են նրա թողած ժառանգությունն ու կերպարը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կոմիտաս» ալբոմը թողարկվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 մլն դրամ, իսկ Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանը համալրելու ընդհանուր ծրագրի համար՝ ավելի քան 64 մլն դրամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---