«Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն». Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան

«Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն». Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան

PanARMENIAN.Net - «Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»,- մի առիթով աեսել է Վիլյամ Սարոյանը:

Այսօր` փետրվարի 12-ին, Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան: Շուրջ 40 լեզուներով թարգմանված Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935-ին Ալավերդու - Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական բաժնում, 1965-66-ին մասնակցել Մոկվայի կինոսցենարների դասընթացներին: Նրա նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը:

Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավարչ չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կրրճերում: Դու ոչ մի հաղթանակ չուենես: ...Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը»,- Հրանտ Մաթևոսյան, «Թափանցիկ օր»:

Գրել է «Մենք ենք - մեր սարերը», «Բեռնաձիեր» (Оранжевый табун, The Orange Herd), «Խումհար» (Похмелье, Hangover), «Տաշքենդ», «Աշնան արև» (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ:

«Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա»,- Հրանտ Մաթևոսյան,«Ծառերը»:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Սերգեյ Դովլաթովը, անդրադառնալով իր հայկական ծագմանը, նշել է, որ երբ կարդում է հայաստանյան իրադարձությունների մասին, պատկերացնում է` ինչ է զգում Մաթևոսյանը:

«Մի գրական կոնֆերանսի ժամանակ ես ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ինձ բոլորովին նման չէ, նա իսկական հայ է, խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում: Նա այնքան ամաչկոտ, անկեղծ, բարի, հրեշտականման մարդ է, որ նրա հետ ընկերանալով, սկսեցի նայել այսպես ասած նրա աչքերով: Երբ կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, ես պատկերացնում եմ, թե ինչ է զգում Մաթևոսյանը: Այ ասպես՝ նրա հանդեպ տածած սիրո միջոցով, իմ մեջ ինչ-որ հայկական զգացմունքներ առաջացան...»

«Մարդիկ եթե չլինեին` աշխարհը տխուր կլիներ...տխուր ու գեղեցիկ կլիներ: Հիմա ոչ տխուր է, ոչ էլ գեղեցիկ, ոչ էլ գիտես ինչ անես...»,- Հրանտ Մաթևոսյան

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Օգոստոս» (1976 թ.), «Աշնան արև» (1977 թ.), «Տերը» (1984 թ.) գեղարվեստական կինոնկարները:Մաթևոսյանը 1996-ին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: 2004-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: ՀրանտՄաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

« Հաղթած բանակների գեներալները պարտված բանակների գեներալներին չեն կախում, այլ նստում են նրանց հետ հացի և որովհետև բանակային օրապահիկը չի բավականացնի խնջույքին` հաղթած բանակի գեներալները շանսատակ են անում իրենց բանակի բանաստեղծներին»,- Հրանտ Մաթևոսյան, «Մեծամոր»

Հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002-ի դեկտեմբերի 18-ին Երևանում:

Photo: Սամվել Սևադա
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---