Թուրքիայում Օջալանի հետ համերաշխության հանրահավաքները վերածվել են անկարգությունների

Թուրքիայում Օջալանի հետ համերաշխության հանրահավաքները վերածվել են անկարգությունների

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելյան քաղաքներից հազարավոր քրդեր են դուրս եկել ցույցերի, որոնք վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, հայտնում է Ca-News.org-ը Reuters-ին հղումով: Քրդերի ելույթները պայմանավորված են Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալության 16-ամյա տարելիցով: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են ազատ արձակել իրենց առաջնորդին:

Աբդուլլահ Օջալանը քրդերի ազատության ու իրավունքների համար պայքարող մարտիկ և հերոս է համարվում շուրջ 15 մլն քրդերի համար, նշում է գործակալությունը:

Օջալանը ցմահ բանտարկություն է կրում, սակայն այս պահին մասնակցում է թուրքական կառավարության հետ բանակցություններին քրդական հարցի խաղաղ կարգավորման և ՔԱԿ զինաթափման շուրջ:

Ըստ որոշ տվյալների, ակնկալվում է, որ Օջալանը կհորդորի կողմնակիցներին վայր դնել զենքը ընթացիկ մարտին: Այն մասին, որ խաղաղ գործընթացը մոտ է գագաթնակետին, անցած շաբաթ հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Սակայն, Օջալանի կողմնակիցները չեն ցանկանում հաշտվել այն բանի հետ, որ իրենց առաջնորդը կալանքի տակ է գտնվում և պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան:

Բախումների արդյունքում կան վիրավորներ, իսկ ցուցարարների ագրեսիվ գործողություններին թուրքական ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով ու զանգվածային ձերբակալություններով:

Նախորդ տարվա հունվարի Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նամակ էր հղել հայերին, որը հրապարակվեց «Ակոս» թերթում: Իմրալի կղզում գտնվող բանտից Օջալանը գրում էր, որ երբեք չի ատել հայերին և Քրդական աշխատավորական կուսակցությունը պայքարում է ոչ միայն հանուն քրդերի իրավունքների, այլ նաև տարածաշրջանի բոլոր ժողովրդների, այդ թվում հայերի: Օջալանը նշել էր, որ «ХХ դարի սկզբին հնուց ի վեր Միջագետքում ու Անատոլիայում ապրող հայերը սարսափելի Ցեղասպանության ենթարկվեցին, սակայն կարողացան վերապրել: Ես անկեղծորեն ուզում եմ հարգել Հրանտ Դինքի հիշատակը, Ցեղասպանության զոհերի հիշատակը ու հարգանքի տուրք մատուցել հայ ժողովրդին: Հրանտ Դինքը սպանվեց թուրքական իշխանությունների ներկայացուցիչների կողմից, ես հուսով եմ, որ այդ սպանությունն անհետևանք չի մնա»,- գրել է Օջալանը:

Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---