Ամերիաբանկի 2014-ի զուտ տարեկան շահույթը գերազանցել է 7 մլրդ դրամը

Ամերիաբանկի 2014-ի զուտ տարեկան շահույթը գերազանցել է 7 մլրդ դրամը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի 2014 թվականի զուտ տարեկան շահույթը կազմել է 7.1 մլրդ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 26%: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը՝ հավելելով, որՀայաստանի բանկային համակարգում բանկն առաջատարն է մի շարք կարևոր ցուցանիշներով, մասնավորապես՝ ակտիվներ, պարտավորություններ, վարկային ներդրումներ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ:

Բանկի ղեկավարությունն անցած տարվա գործունեությունն ամփոփելու նոր ձևաչափ էր ընտրել՝ ներկայացնելով նաև ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունեցել բանկային համակարգի 2014-ի ցուցանիշների վրա: Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը վերջին 3 տարվա զարգացումները որակեց հետաքրքիր և ընդգծեց, որ դրանք նախանշում են առաջիկա զարգացումները:

«Բանկային համակարգն այս երեք տարվա ընթացքում զարգացման աճի տեմպերով առաջ է անցել մեր ՀՆԱ-ի աճի տեմպից, որի արդյունքում ստացել ենք բավական հետաքրքիր ցուցանիշներ: Բանկերի և ՀՆԱ-ի համամասնության կարևորագույն ցուցանիշը 2012-ին կազմում էր 40%, իսկ 2014-ին մենք ունեցանք արդեն 47.7%», - ասաց Տիգրան Ջրբաշյանը՝ համեմատելով՝ Վրաստանում՝ 42.2% է, բայց այնտեղ նաև բանկային համակարգում մրցակցային իրավիճակն է այլ:

Երկու հիմնական բանկ գրավում են շուկայի գրեթե 80%, Հայաստանում առաջին 5 խոշոր բանկերը գրավում են միայն 46% և այս մրցակցության պայմաններում վարկավորման շեշտակի աճը կազմել է տարեկան 18-21%, որի արդյունքում մեր երկիրը հասել է վերոնշյալ ցուցանիշին:

«Մրցակցության այսպիսի պայմաններում նման աճի ապահովումը եղել է շահութաբերության հաշվին: Իսկ շահութաբերությունը բնորոշող կարևոր ցուցանիշներից մեկը ծախսեր-եկամուտներ համամասնությունն է, որը Հայաստանում փոքր բանկերի դեպքում 60-80% է կազմում», - ասաց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրենն ու մանրամասնեց, որ վերլուծությունները փաստում են՝ ինչքան բանկերը մեծանում են, այնքան ծախսերը նվազում են, քանի որ ի հայտ է գալիս այսպես կոչված մասշտաբի էֆեկտը:

2013-ին Հայաստանի ցուցանիշը կազմում էր 55.6%, 2014-ին՝ 54.4%: Սա նաև նշանակում է, որ խոշոր բանկերն ավելի ակտիվ էին շուկայում փոքրերի համեմատ: Այս ցուցանիշը, իհարկե, դեռ ցածր է, եթե համեմատել աշխարհում լավագույն ցուցանիշների հետ, որ կազմում են 35-37%: Համաշխարհային բանկային համակարգը շատ ավելի արդյունավետ է աշխատում:

Անցած երեք տարում բանկային համակարգում ակտիվ վարկային գործունեությունն ուղեկցվել է եկամտաբերության նվազմամբ: Հետագա զարգացման խնդիրն այս մասով է:

Ամերիաբանկի գլխավոր տնօրենն այնուամենայնիվ նկատում է՝ նախորդ տարվա ընթացքում բանկային համակարգում աճի բավական լավ տեմպեր են գրանցվել թե վարկավորման, թե ավանդների ներգրավման մասով:

«Օրինակ ակտիվները նախորդ տարում աճել են 16%-ով, ընդհանուր կապիտալը՝ 4%-ով, որոշ բանկեր ավելացրել են իրենց կանոնադրական կապիտալը նոր ներդրումների միջոցով, վարկային ներդրումներն աճել են 21%-ով, որն իմ կարծիքով լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ անցած տարին վարկավորման տեսակետից ծանր էր»:

Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանն ընդհանուր ցուցանիշների համատեքստում ներկայացրեց Ամերիաբանկի տվյալները՝ ընդգծելով, որ տարին դինամիկ էր՝ արտաքին և ներքին մարտահրավերներով. «Բանկի ակտիվները 2014-ին աճել են 27%-ով՝ կազմելով մոտ 400 մլրդ դրամ, ընդ որում՝ ընդհանուր բանկային համակարգում ակտիվների աճը կազմել է ընդամենը 16 %: Պարտավորություններն աճել են ավելի քան 29%-ով՝ կազմելով 357.4 մլրդ դրամ: Հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են մոտ 23%-ով և տարեվերջի տվյալով կազմել 208.7 մլրդ դրամ: Խոշոր աճ է գրանցվել վարկային ներդրումների մասով՝ 63%, և սա այն դեպքում, երբ ընդհանուր բանկային համակարգում աճն ընդամենը 21% էր: Թիրախային ուղղություն համարվող ՓՄՁ-ների վարկային պորտֆեյլն աճել է 73%-ով, իսկ սպառողականը՝ 2.6 անգամ»:

2014-ին Ամերիաբանկը և Նիդերլանդների զարգացման բանկը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր, ինչը ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամն էր:

Ամերիաբանկը 2014-ին արժանացել է Euromoney 2014 Գերազանցույան մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկ Հայաստանում, իսկ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է 3 մրցանակի՝ 2014-ի տարվա լավագույն բանկ, լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում և արտարժութային գործառնությունների գծով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---