Սահակաշվիլին մտադիր է կրկին ստանձնել Վրաստանի նախագահի պաշտոնը

Սահակաշվիլին մտադիր է կրկին ստանձնել Վրաստանի նախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե մեկ տարուց իր թիմակիցների հետ վերադառնալու է Ուկրաինայից Վրաստան և ընտրությունների միջոցով կրկին ստանձնելու է Վրաստանի նախագահի պաշտոնը:

«Այն ինչ այսօր կատարավում է Վրաստանում, աղետ է: Գործող իշխանությունները չքավորության են հասցրել երկիրը»,-հայտարարել է Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին Կիևից տված հարցազրույցում:

Նա համարում է, որ գործող վրացական իշխանությունների անհաջողությունները պայմանավորված են նրանց ռուսական կողմնորոշմամբ:

«Վրաստանի ներկայիս փաստացի ղեկավար, նախկին վարչապետ Իվանիշվիլին համարեց, որ Վրաստանը պետք է այնպիսի դիրքորոշում որդեգրի, որ բոլորը մոռանան նրա մասին՝ Վրաստանը չպետք է սատարի Ուկրաինային, չպետք է խոսի Աբխազիայի, Ցխինվալի մասին»,-ասել է Սահակաշվիլին, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ նրա, Վրաստանի ապագան շատ բանով կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում: «Ուկրաինային սատարելու փոխարեն այսօրվա վրացական իշխանությունները ԱԳՆ-են կանչում Ուկրաինայի դեսպանին՝ բացատրություններ պահանջելով իմ նշանակման վերաբերյալ»,-ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի դատախազությունը դիմել էր Ուկրաինային՝ խնդրելով արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որին հայրենիքում մեղադրում են պետական բյուջեից միջոցների յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ:

Վրաստանի Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում էր, որ ըստ փնտրվող անձանց արտահանձնման մասին երկկողմ համաձայնագրերի, ուկրաինական կողմը պետք է Վրաստանին փոխանցի Միխայիլ Սահակաշվիլիին, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Սահակաշվիլին մեղադրվում է պետական միջոցների յուրացման, 2007թ. նոյեմբերի 7-ի խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ հաշվեհարդարի, «Իմեդի» հեռուստաընկերության շենք անօրինական ներխուժման և բիզնեսմեն Բադրի Պատառկացիշվիլիի ունեցվածքին ապօրինաբար տիրանալու, 2005թ. խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա զինված հարձակում կազմակերպելու, 2006թ. բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով հետաքննության անցկացման ժամանակ հանցագործության կազմակերպման և քողարկման, կեղծման մեջ: Ուկրաինան հրաժարվեց արտահանձնել Սահակաշվիլիին և Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին:

Սահակաշվիլին «անհեթեթ» է համարում վրացական դատախազության մեղադրանքները: Նա հայտարարել է, որ տեղաշարժվելու ոչ մի սահմանափակում չունի: «Երբ Վրաստանի իշխանությունները չեղարկեցին իմ դիվանագիտական անձնագիրը, ԱՄՆ կառավարությունն ամերիկյան աշխատանքային արտոնագիր տրամադրեց ինձ, որը հնարավորություն է տալիս աշխատել ԱՄՆ-ում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---