ԱՄՆ 26 նահանգ բողոքարկել է ներգաղթյալներին օրինականացնելու մասին Օբամայի որոշումը

ԱՄՆ 26 նահանգ բողոքարկել է ներգաղթյալներին օրինականացնելու մասին Օբամայի որոշումը

PanARMENIAN.Net - Տեխասի դաշնային դատավորը արգելափակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարգադրությունը նոր միգրացիոն քաղաքականության մասին:

26 նահանգ դատարան է դիմել՝ բողոքարկելով բարեփոխումը, որը խոչընդոտում է երկրում բնակվող 5 մլն ապօրինի ներգաղթյալների արտաքսումը:

Դատավոր Էնդրյու Հեյնենի որոշումը գնահատական չի տալիս բուն նախագահական նախաձեռնությանը, սակայն ավելի շատ ժամանակ է տրամադրում նահանգներին բողոքարկման համար:

Չնայած դրան, Օբաման վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ, ապօրինի ներգաղթյալների խնդիրը լուծվելու է այնպես, ինչպես առաջարկում է Սպիտակ տունը:

«Ամենայն հարգանքով վերաբերվելով դատավորի որոշմանը, պետք է ասեմ, որ ես համաձայն չեմ»,-մեկնաբանել է Տեխասից ստացված նորությունն Օբաման, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

«Կարծում եմ, որ օրենքը մեր կողմն է և պատմությունն է մեր կողմից»,-հավելել է ԱՄՆ նախագահը:

Նոր միգրացիոն քաղաքականության առանձին դրույթներ պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 18-ին:

ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է անհապաղ բողոքարկել Տեխասի դատարանի որոշումը: Փետրվարի 17-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ նոր միգրացիոն քաղաքականությունը լիովին համապատասխանում է երկրի օրենսդրությանը:

Ավելի վաղ Տեխասի գլխավոր դատախաղ Գրեգ Էբբոթը հայտարարեց, որ պետության ղեկավարը հրաժարվել է օրենքները կատարելու անհրաժեշտությունից և փորձել է վերանայել միգրանտների մասին օրենքը, դրա իրավունքը չունենալով:

2014-ի նոյեմբերին իր հեռուստաուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ մտադիր է միգրացիոն բարեփոխում իրականացնել առանց Կոնգրեսի աջակցության:

Ըստ Օբամայի, եթե այդ ծրագիրն իրականացվի, շուրջ 4 մլն ապօրինի միգրանտներ ոչ միայն չեն արտաքսվի, այլ նաև ԱՄՆ-ում աշխատելու թույլտվություն կստանան: Դա վերաբերում է 5 տարուց ավելի ԱՄՆ-ում բնակվողներին, ինչպես նաև նրանց, ում երեխաներն ԱՄՆ քաղաքացիներ են: Բացի այդ, ինչպես նշել է նախագահը, Վաշինգտոնը կպարզեցնի օրինականացման ընթացակարգը բարձրագույն կրթությամբ միգրանտների ու ձեռներեցների համար:

«Եթե դուք համապատասխանում եք բոլոր անհրաժեշտ չափանիշներին, կարող եք դուրս գալ ստվերից ու ապրել ըստ օրենքի: Եթե դուք հանցագործ եք, դուք կարտաքսվեք»,-հայտարարել է նախագահը: Նա նշել է այն ավանդը, որն ունեցել են ներգաղթյալներն ԱՄՆ զարգացման գործում, ինչպես նաև հայտարարել է, որ «անհնար է արտաքսել 11,3 մլն ապօրինի միգրանտ»:

Նոյեմբերի 20-ին մեծ ամբոխ էր հավաքվել Սպիտակ տան մոտ: Տեղեկանալով Օբամայի որոշման մասին՝ նրանք սկսեցին վանկարկել իսպաներեն և անգլերեն. «Այո, մենք կարողացանք», մի փոքր վերափոխելով Օբամայի նախընտրական՝ «Այո, մենք կարող ենք» կարգախոսը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ապօրինի ներգաղթյալների թիվն ԱՄՆ-ում հասնում է 20 միլիոնի:

Ըստ NB-ի և Wall Street Journa-ի, ամերիկացիների 57 տոկոսը կողմ է այս որոշմանը: 74 տոկոսը հայտարարել է, որ կսատարի որոշմանը, եթե թեկնածուները նախնական ոստիկանական ստուգման ենթարկվեն ու վճարեն նախորդ տարիների հարկերը:

Մյուս կողմից, առանց Կոնգրեսի համաձայնության միլիոնավոր ներգաղթյալների կարգավիճակն օրինականացնելու Օբամայի մտադրությանը սատարել է հարցման մասնակիցների միայն 38 տոկոսը, 48 տոկոսը դեմ է եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---