Հունաստանը նոր նախագահ ունի. Պաշտոնը կստանձնի ՆԳ նախկին նախարարը

Հունաստանը նոր նախագահ ունի. Պաշտոնը կստանձնի ՆԳ նախկին նախարարը

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Հունաստանի խորհրդարանը քվեարկության առաջին իսկ փուլում երկրի նախագահ է ընտրել ՆԳ նախկին նախարար 65-ամյա Պրոկոպիս Պավլոպուլոսին, հայտնում է Deutsche Welle-ն:

Այն, որ ընտրվեց Պավլոպուլոսն, անակնկալ էր: Մինչ օրս ավելի հավանական թեկնածու էր համարվում պահպանողական թեկնածու, եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: Սակայն, հավանաբար, լիբերալ տնտեսության այդ կողմնակիցն ու «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը բավարար գրավիչ չէր ձախակողմյան ընտրազանգվածի համար:

Աթենքում հրատարակվող «Նեա» թերթը գրում է, որ առաջադրելով Պավլոպուլոսին, վարչապետ Ցիպրասը, որը գլխավորում է ձախ արմատական ուժերի կոալիցիան (Սիրիզա) և բոլորովին վերջերս է հաղթել խորհրդարանական ընտրություններում ու ստանձնել վարչապետի պաշտոնը, որոշակի շոկ առաջացրեց: Միևնույն ժամանակ «1995 թ. նախագահական ընտրություններից հետո Հունաստանում ժողովրդավարական ավանդույթ էր ձևավորվել, որի համաձայն իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնի համար առաջադրում է ընդդիմադիր թեկնածուի: Ուրախալի է, որ վարչապետ Ցիպրասը շարունակեց ավանդույթը»,-նշել է քաղաքագետ Յանիս Պրետենդերիսը Mega հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հաղորդագրության համաձայն, Պավլոպուլոսի թեկնածությանը սատարել է ավելի քան 180 պատգամավոր, ինչը բավարար է եղել ընտրությունների առաջին իսկ փուլում հաղթելու համար։

Պավլոպուլոսը երկրի նախկին վարչապետ Կոստաս Կարամանլիսի վստահված անձն է համարվել, նրա օրոք՝ 2004-2009 թթ., նա զբաղեցրել է ՆԳ նախարարի պաշտոնը: Նա բազմիցս է հայտարարել, որ եթե Կարամանլիսը հրաժարական տա, ինքը ևս կհրաժարվի քաղաքականությունից: Սակայն իր խոստումը դրժեց՝ Պավլոպուլոսը երկրի խորհրդարանի կազմում էր մինչև 2015-ի հունվարը:

Ֆրանսիայում գիտությունների թեկնածուի կոչում ստացած իրավաբանը ներքին նախարար էր, երբ 2008 թ. Հունաստանում բռնությունների աննախադեպ ալիք բարձրացավ, որի պատճառը 15-ամյա դեռահասի մահն էր ոստիկանի գնդակից: Այն ժամանակ Պավլոպուլոսին մեղադրում էին ջարդարարների դեմ բավարար կոշտ միջոցներ չկիրառելու համար: Ինքը հայտարարում էր, որ իր մարտավարությունը թույլ տվեց խուսափել նոր զոհերից: Վարչապետ Ցիպրասը խոսում է Պավլոպուլոսի «ժողովրդավարական հոտառության մասին», այն աջակցության, որ նա ունի «ինչպես հանրության շրջանում, այնպես էլ խորհրդարանում»: Սակայն, դա արվել է բյուրոկրատական ապարատի ուռճացման հաշվին՝ նախարարության օրոք նա 865 132 նոր աշխատատեղ է ստեղծել պետապարատում, որի ֆինանսական հետևանքները զգացվում են մինչ օրս»,-նշում է հունական Skai հեռուստաալիքը:

Ձախակողմյան ընտրազանգվածի աջակցությունը նա ստացավ առաջին հերթին նախկինում տնտեսման խիստ միջոցներին հակառակվելու շնորհիվ, որոնք պարտադրված են Հունաստանին ԵՄ կողմից:

Նորընտիր նախագահն իր պաշտոնը կստանձնի մարտին, երբ կլրանա 85-ամյա Կարոլոս Պապուլյասի նախագահության հնգամյա ժամկետը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---