Համաշխարհային բանկը $110.000 կտրամադրի «Նաիրիտի» փորձաքննությանը

Համաշխարհային բանկը $110.000 կտրամադրի «Նաիրիտի» փորձաքննությանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը, ասվում է ՀԲ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ:

Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ» գործարանի ճակատագրի վերաբերյալ որոշում կընդունվի Համաշխարհային բանկի աուդիտից հետո:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախատեսվող տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ:

«Կառավարության հետ մենք համաձայնության ենք եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110 հազար դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը մեր գործընկերոջ համար կապահովի վերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, - պարզաբանել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: «Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույն փորձագետներին», - հավելել է նա:

Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին և կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետևյալ չորս տարրերը՝ գլոբալ շուկայի ուսումնասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել; արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա; արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը; և ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի (SWOT) վերլուծություն:

Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն: «Նաիրիտ»-ի հետ կապված այս վերլուծությունների կատարման ընթացքում Համաշխարհային բանկի կողմից կիրականացվի մոնիթորինգ ու որակի վերահսկում, սակայն, հստակեցնում է ՀԲ-ն, վերլուծական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ Հայաստանի կառավարության ու ՀԲ-ի համագործակցության շրջանակում:

«Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ու կենսունակ գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և մի շարք այլ գործոններով, որոնց թվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը: Մենք գիտակցում ենք, որ այս առումով կարևոր քննարկումներ են ընթանում Հայաստանի Հանրապետության կառավարությունում՝ գտնելու էներգետիկ ու արդյունաբերական ոլորտում տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները», - ասված է ՀԲ-ի հաղորդագրությունում:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 5-ին հայտարարեց, որ «կառավարությունը մի քանի հանդիպումներ է անցկացրել «Նաիրիտ» գործարանի կոլեկտիվի հետ, հարցը քննարկվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում։ «Համաշխարհային բանկն անցկացնում է տեխնիկական աուդիտ, դրա արդյունքները պետք է հայտնի լինեն փետրվարի ընթացքում։ ՀԲ-ի եզրակացություններից և առաջարկություններից հետո կլինի գործարանի ճակատագրի վերաբերյալ կառավարության որոշումը»,– ասել էր նա:

Ըստ նրա` պայմանագրային պարտավորություններ գոյություն ունեն Rhinoville Property Limited կոնսորցիումի կողմից համապատասխան ներդրումների իրագործման ուղղությամբ, իսկ դրանք չկատարելու դեպքում բաժնետոմսերն անցնում են Հայաստանի կառավարությանը` որպես սեփականություն։

«Հարցն այն է, որ բաժնետոմսերը գրավադրվել են Մեջպետբանկում։ ԿԲ–ի և Հայաստանի կառավարության կողմից համապատասխան աշխատանք է տարվում Միջպետբանկի և Ռուսաստանի կենտրոնական բանկի միջև։ Մեր ակնկալիքներն իրատեսական են, հուսով ենք, որ առաջիկա ամիսներին այդ հարցը դրական լուծում կստանա»,– ասել է Զախարյանը։

2014-ի փետրվարին ՀՀ ԱԺ-ն դեմ քվեարկեց գործարանի խնդիրների ուսումնասիրման նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ նախաձեռնությանը: Կողմ քվեարկեց 44 մարդ, դեմ՝ 55 և 1-ը ձեռնպահ մնաց: Հուլիսի 24-ին կառավարությունը հավանություն տվեց որոշման օրինագծին, որի համաձայն՝ նախատեսվում է պարտքի մարման դիմաց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին փոխանցել 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2»-ի ակտիվների 53,27 տոկոսը և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան»-ի ակտիվների 3,5967 տոկոսը:

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ստացված բաժնետոմսերի դիմաց մարված կհամարի «Հայգազարդ» ՓԲԸ-ի առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Նաիրիտ» գործարանի հետագա շահագործման հետ կապված հարցերը կլուծվեն «Փակ բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի համաձայն:

2013-ի Սեպտեմբերի 3-ին «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը հանդիպեց «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին և վերակառուցման ու զարգացման գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Միրզոյանին։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծին «Ռոսնեֆտի» մասնակցության պոտենցիալ հնարավորությունները։ Jacobs Consultancy Ltd ընկերությունը 2013թ.–ի օգոստոսին գործարանում բուտադիենից քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական և էկոլոգիական աուդիտ է անցկացրել։

Ավելի վաղ ասվում էր, որ «Ռոսնեֆտ»-ը որոշում կընդունի «Նաիրիտ» գործարանի նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ` աուդիտի և ՀՀ կառավարության հետ մուտքի պայմանների մասին բանակցությունների ավարտից հետո:

Չնայած, որ ծրագրի իրագործումն այդպես էլ չմեկնարկեց, «Ռոսնեֆտը» դեռևս չի հայտարարել ներդրումային ծրագրից հրաժարվելու մասին:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է, իսկ աշխատողների աշխատավարձերի պարտքերը 2013 թվականի նոյեմբերի դրությամբ կազմել են մոտ 12 մլն դոլար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---