Մամեդյարով. Ադրբեջանն ընդունել է խաղաղ պայմանագրի մշակման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը

Մամեդյարով. Ադրբեջանն ընդունել է խաղաղ պայմանագրի մշակման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հայտարարել է, թե «համանախագահները հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս քվոն անընդունելի»: Նա հավելել է, որ վերջին անգամ, փարիզյան հանդիպումից հետո, Ֆրանսիայի նախագահն ասաց, որ ժամանակն է սկսել աշխատանքը խաղաղ պայմանագրի վրա: Խաղաղ պայմանագրի վրա աշխատանք սկսելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ադրբեջանը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, հայտնում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն:

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել են Ադրբեջան, փետրվարի 17-ին նրանք ժամանեցին Երևան, որտեղից մեկնեցին Լեռնային Ղարաբաղ: Հանդիպումներում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախարարան ասել է, թե համանախագահները, սատարելով Ադրբեջանի նախաձեռնությանը, առաջարկել են ձեռնամուխ լինել գործընթացին. «Բոլորն են հասկանում, որ հակամարտությունը չի կարող հավերժ լինել: Այս իրավիճակի շարունակությունը դժվարություններ է ստեղծում և վտանգում է խաղաղ պայմանագրի կնքումը: Մենք պետք է ավարտենք աշխատանքը խաղաղ պայմանագրի վրա վեց ամսում կամ մեկ տարում: Այս առաջարկը քննարկվել է համանախագահների հետ, որոնք այս ուղերձով մեկնեցին Երևան: Իմ տեղեկություններով, Հայաստանի ղեկավարությունը մերժել է այդ ժամանակացույցը: Ես արդեն զրուցել եմ ամերիկացի համանախագահի հետ, որը հայտնել է ինձ, որ Հայաստանի ղեկավարությունը մերժել է առաջարկը՝ դեմ լինելեվ ցանկացած աշխատանքային խմբի մասին ու խաղաղ պայմանագրի վրա աշխատելու առաջակին: Համանախագահները, հավանաբար, որոշելու են, թե ինչպես պետք է աշխատել այս ուղղությամբ: Մենք պետք է ձեռնամուխ լինենք այդ աշխատանքին և որքան շուտ, այնքան լավ: Դա շահավետ է այդ թվում նաև Հայաստանի համար: Ադրբեջանն արդեն ընդունել է աշխատանքային խումբ ստեղծելու ու խաղաղ պայմանագրի վրա աշխատելու առաջարկը: Այժմ համանախագահները պետք է որոշեն, թե ինչպես պետք է խոսեն Հայաստանի հետ»:

Մինչդեռ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ գրեթե մեկ ժամ տևած բանակցություններից հետո, ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, պատասխանելով այն հարցին, թե ինչ նոր առաջարկություններ են բերել ՄԽ համանախագահները, ասել է, «Ոչ մի նոր առաջարկ, սա ուղղակի խոսելու հնարավորություն է»:

Փետրվարի 18-ին, համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, տեղեկացրել են նախագահի աշխատակազմից: Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումները նոր, շատ ավելի բացասական որակ և դրսևորումներ են ստացել, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին և տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը որևէ ձևով չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու և նրա անվտանգությունը հետևողականորեն ամրապնդելու կամքի ու վճռականության վրա:

Ուորլիքը նշել է, որ գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կարող են նվազեցնել ոչ դիտավորյալ պատահարների հավանականությունը հակամարտության գոտում, և մենք սատարում ենք դրանց իրականացումը՝ ուղղված տեղում իրավիճակի կայունացմանը: Համանախագահները հակամարտության կողմերին ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք այժմ քննարկվում են տարածաշրջան մեր այցի ընթացքում:

«Նախ և առաջ, մենք կողմերի հետ խոսում ենք տարածաշրջանին սպառնացող վերջին լարվածության ու բռնության մասին: Բռնության շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիվանագիտական հարթությունում: Մենք նաև բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման անհրաժեշտության հարցը, ում ձեռքերում են գտնվում խաղաղության բանալիները: Բացի դրանից, կարևորում ենք տևական կարգավորման վերաբերյալ համապարփակ բանակցությունների սկսումը: Չափազանց կարևոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղության մասին համաձայնագրի»,-ասել է նա:

Անդրադառնալով այն կարծիքին, որ բանակցությունների նախկին՝ եռակողմ ձևաչափի, այսինքն Ղարաբաղի մասնակցությամբ, բանակցային ձևաչափի վերականգնումը վճռորոշ դեր կունենա դրանց առաջընթացի համար՝ Ուորլիքը նշել է. «Ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Կողմերի համար առաջին քայլն այն է, որ նրանք արտահայտեն իրենց պատրաստակամությունը՝ սկսելու նման բանակցություններ»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե ԵԱՀԿ համանախագահությունը սպառել է իրեն, և համանախագահների միջև առկա են տարաձայնություններ պետք է փոփոխություններ մտցնել միջնորդական ձևաչափում, ապա Ուորլիքն ասել է. «Որպես համանախագահներ՝ մենք միասնական ենք մեր ջանքերում՝ միջնորդելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ տևական կարգավորմանը: Մինսկի խումբը միջնորդական միակ ձևաչափն է, որն ընդունելի է կողմերի համար: Մենք շարունակելու ենք խաղաղության հաստատմանն ուղղված մեր աշխատանքները մեր մանդատի շրջանակներում, քանի դեռ բոլորը համամիտ են, որ մեր դերը, որպես միջնորդների, մնում է օգտակար»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---