87-րդ «Օսկար»-ը. «Բերդմեն»-ի ու «Գրանդ Բուդապեշտ»-ի 4 արձանիկն ու Էդի Ռեյդմանի լավագույն Հոքինգը

87-րդ «Օսկար»-ը. «Բերդմեն»-ի ու «Գրանդ Բուդապեշտ»-ի 4 արձանիկն ու Էդի Ռեյդմանի լավագույն Հոքինգը

PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիան 87-րդ անգամ բաժանեց իր արձանիկները: Այս անգամ գլխավոր մրցանակին արժանացավ ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բերդմեն»(Birdman) ֆիլմը, որը, ըստ կինոքննադատների, գլխավոր հավակնորդներից էր: Ֆիլմը պատմում է իր լավագույն տարիներն ապրած հոլիվուդյան աստղի թատերական ձախողման մասին: Սյուժեի կենտրոնում նախկին դերասան է, որը ժամանակին խաղացել է սիրված կինոհերոս Բերդմենի դերն ու տարիներ անց, հաղթահարելով իր էգոն, որոշում է մասնակցել բրոդվեյաննոր բեմադրությանը՝ երբեմնի փառքը, փայլն ու մեծությունը վերադարձնելու ակնկալիքով: Ֆիլմը նկարահանվել է մոտ մեկ ամսում, իսկ մոնտաժն ընդամենը երկու շաբաթ է պահանջել:

Ի դեպ, մինչև այս 7 անգամ «Օսկարի» նոմինացված Ինյարիտուն պարգևատրվեց նաևորպես լավագույն ռեժիսոր և սցենարի հեղինակ: Ֆիլմը լավագույնը ճանաչվեց նաև օպերատորական աշխատանքի համար (Էմանուել Լյուբեցկի):

Լավագույն դերասան ճանաչվեց 33-ամյա Էդդի Ռեդմեյնը, որը «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» (The Theory of Everything) ֆիլմում մարմնավորել է հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգին: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Ջուլիանա Մուրը «Դեռևս էլիս» (Still Alice) ֆիլմի համար: Մինչև այս Ջուլիանա Մուրը 4 անգամ էր ներկայացվել «Օսկարի»՝ 1998-ին, 2000-ին, երկու անգամ 2003-ին:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Պատրիցիա Արքեթը «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմի համար, իսկ դերասան՝ Ջեյ Քեյ Սիմոնսը «Մոլուցք»-ում (Whiplash) դերի համար:

«Սելմա» (Selma) կինոժապավենում հնչող Glory-ն, որը կատարում են Քոմմոնն ու Ջոն Լեջենդը, լավագույն երգ ճանաչվեց: Վերջերս երգը հաղթող էր ճանաչվել նաև «Ոսկե գլոբուս 2015»-ի «Լավագույն երգ» անվանակարգում:

Միանգամից չորս՝ «Լավագույն կոստյումներ», «Լավագույն դիմահարդարում», «Բեմադրիչի լավագույն աշխատանք» և »Լավագույն երաժշտություն» անվանակարգերում «Օսկարի» արժանացավ Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» (The Grand Budapest Hotel), որը հավակնում էր նաև լավագույն ֆիլմի տիտղոսին:

Լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «Հերոսների քաղաքը», որի սցենարի հիմքում Marvel-ի համանուն՝ Big Hero 6 կոմիքսն էր: Ամերիկյան եռաչափ համակարգչային անիմացիոն ֆիլմը 2014-ին ստեղծել է Disney-ը: Չնայած ֆիլմը հիմնված է Marvel հրատարակչության կոմիքսների վրա, այն զգալիորեն տարբերվում է սկզբնաղբյուրից: Ռեժիսորներն են Դոն Հոլն ու Քրիս Ուիլյամսը:

ԱՄՆ հատուկ ծառայություններին մերկացրած Էդվարդ Սնոուդենի մասին պատմող «Քաղաքացի 4» ֆիլմն «Օսկար» ստացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---