Պուտին. Ղրիմում բնակվող մարդիկ արել են իրենց ընտրությունը, որին պետք է հարգանքով վերաբերվել

Պուտին. Ղրիմում բնակվող մարդիկ արել են իրենց ընտրությունը, որին պետք է հարգանքով վերաբերվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հազիվ թե Ուկրաինայի հետ պատերազմ լինի, այդ մասին նա ասել է պետական hեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որը զետեղված է Կրեմլի կայքում:

«Կարծում եմ, որ նման ապոկալիպտիկ սցենարը քիչ հավանական է և հուսով եմ, որ գործը դրան երբեք չի հասնի»,-ասել է Պուտինը:

Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հայտարարությունը Ղրիմը վերադարձնելու մտադրության մասին՝ Պուտինն ասել է. «Ինչ վերաբերում է ինչ-ինչ տարածքներ վերադարձնելուն, ապա դա ռևանշիստական բնույթ է կրում, և հարցն այստեղ ինչ-որ տարածքներ վերադարձնելը չէ»:

«Բանն այն է, ըստ իս (ես չեմ ուզում խորհուրդներ տալ, բայց, այնուամենայնիվ), որ այնպիսի մեծ եվրոպական երկրի ղեկավարությունը, ինչպիսին Ուկրաինան է, առաջին հերթին պետք է երկրում նորմալ կյանքը վերականգնի՝ տնտեսությունը, սոցիալական ոլորտը, քաղաքակիրթ հարաբերություններ հաստատի երկրի հարավ-արևելքի հետ, ապահովի Դոնբսում բնակվող մարդկանց իրավունքներն ու շահերը: Եթե կյանքի կոչվեն Մինսկի համաձայնագրերը, վստահ եմ, որ այդպես էլ կարվի»,-ասել է նա:

«Ինչ վերաբերում է Ղրմին, հիշում եք, մեկ տարի առաջ, երբ ես հանդես էի գալիս Դաշնային ժողովի պատգամավորների առջև, ես ասացի, որ Ղրիմն ինչպես եղել է և ռուսական, և ուկրաինական, և ղրիմաթաթարական, և հունական, չէ որ այնտեղ հույներ էլ են ապրում, և գերմանական, այդպես էլ կմնա…Այն բոլոր այդ ժողորդների տունը կլինի: ինչ վերաբերում է պետական պատկանելությանը, ապա Ղրիմում բնակվող մարդիկ արել են իրենց ընտրությունը, որին պետք է հարգանքով վերաբերվել, այլ կերպ Ռուսաստանն այդ հարցին մոտենալ չի կարող: Հուսով եմ, որ մեր գործընկերները և մերձավոր, և հեռավոր արտերկրում արդյունքում դրան նույն կերպ կվերաբերվեն, քանի որ ճշմարտության բարձրագույն չափանիշն այս դեպքում պետք է լինի միայն ժողովրդի կարծիքը»,-ասել է նա:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---