Աբաշիձե. Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը չի քննարկվում

Աբաշիձե. Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը չի քննարկվում

PanARMENIAN.Net - Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերագործարկման հարցն այս պահին չի քննարկվում, հայտարարել է Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԻԱ Նովոստի գործակալությանը:

Ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է քննարկել Սուխում-Թբիլիսի-Երևան տարանցիկ երկաթուղային հաղորդակցության կազմակերպման հարցը, միայն եթե դա «կնպաստի աբխազական հակամարտության կարգավորմանը»:

Ըստ Աբաշիձեի, երկաթուղու վերագործարկման շուրջ առարկայական քննարկում երբեք չի եղել: «Այնպես որ դժվար է մեկնաբանել այդ հարցը: Ըստ իս, դա վրաց-ռուսական երկաթուղի է, և եթե խոսք է գնում այն վերագործարկելու մասին, նախ պետք է քննարկել բոլոր քաղաքական հարցերը, քանի որ դա ոչ միայն հաղորդակցությունների վերականգնման հարց է: Առաջին հերթին պետք է լուծել քաղաքական հարցերը»,-հայտարարել է Աբաշիձեն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին հայտարարեց, որ Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին:

Իր հերթին Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան ավելի ուշ հայտարարեց, որ երկխոսությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Աբխազիան այդ գործընթացում ներկայանա որպես երկիր, իսկ վրացական մաքսակետերը տեղակայվեն Աբխազիայի և Վրաստանի սահմանին: (Թբիլիսին պահանջում է հակառակը՝ վրացական մաքսակետի տեղադրում Ռուսաստանի և Աբխազիայի սահմանին Փսոու գետի վրա՝ խմբ): Աբխազ քաղաքական գործիչը նշել է, որ Սուխումը չի նահանջի իր պայմաններից, նույնիսկ եթե լինի «Ռուսաստանի ճնշումը»:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992 թ.: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---