Գյումրիի գործը. ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը քննարկվում է ՌԴ համապատասխան մարմիններում

Գյումրիի գործը. ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը քննարկվում է ՌԴ համապատասխան մարմիններում

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունների հարցով միջնորդության վերաբերյալ: Հաշվի է առնվել խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ գլխավոր դատախազը, 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակում ենք դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը.

«Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակման վերաբերյալ հայտարարություններին, ապա տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, մասի 3-րդ կետի համաձայն այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման շահերից ելնելով՝ միջնորդությունը այս պահին չի կարող հրապարակվել:

ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցի շուրջ անհիմն, ոչ մասնագիտական կարծիքներ հայտնելուց: ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ գործում է բացառապես իր լիազորությունների շրջանակում` իրականացնելով ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված գործառույթները»,–ասվում է պարզաբանման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---