Վհուկների որսն Ադրբեջանում շարունակվում է. Եվս մեկ իրավապաշտպան է ձերբակալվել

Վհուկների որսն Ադրբեջանում շարունակվում է. Եվս մեկ իրավապաշտպան է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան և նախկին քաղբանտարկյալ Թալեհ Խասմամեդովը ձերբակալվել է Գեյչայում, հայտնել է իրավապաշտպանի մայրը՝ Գյուլբուա Խասմամեդովան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Թալեհը գնացել էր շուկայի մոտ գտնվող կահույքի սրահ: Նրան անծանոթ մարդ է մոտեցել և թքել է երեսին: Երբ որդիս հարցրել է, թե ինչու նա այդպես վարվեց, նա ընկել է, սկսել է բղավել ու ձևացնել թե ուշակորույս է եղել: Անհապաղ դեպքի վայրում են հայտնվել ոստիկանները, որոնք ձերբակալել են որդուս: Իսկ երբ վկաներից մեկը հայտարարել է, թե Թալեհը մեղավոր չէ, ոստիկանությունը նաև նրան է ձերբակալել»,-ասել է Խասմամեդովան:

Փետրվարի 23-ին Խասմամեդովը հայտնել էր, որ Գյանջայի մեկուսարանում գտնվող ձերբակալվածներից մեկը մտադիր է ինքնասպան լինել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապաշտպանը ձերբակալվել էր 2011-ի նոյեմբերի 12-ին: 2012-ի ապրիլի 20-ին Կյուրդամիրի դատարանը դատապարտեց նրան չորս տարվա ազատազրկման:

Խասմամեդովը մեղավոր է ճանաչվել խուլիգանության և ոստիկանությանը դիմադրելու մեջ:

2014-ի դեկտեմբերի 26-ին ոստիկանության ու դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Ազադլիգ» ռադիոկայանում, որն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բաժանմունքն է: Նման խուզարկություններ իրավապահ մարմիններն անցկացրել են նաև IREX և Ժողովրդավարության ազգային ինստիտուտի գրասենյակներում: Երկու կազմակերպություններն էլ փակվեցին:

Գրասենյակի աշխատակից, հայտնի ընդդիմադիր լրագրող Հադիջա Իսմայլովան ձերբակալվեց դեկտեմբերի 5-ին լրագրող Տուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու փորձի համար: Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Իսմայլովան հայտնի է առաջին հերթին ադրբեջանական վերնախավի շրջանում կոռուպցիայի դեպքերի հետաքննություններով, այդ թվում, Ալիևների և Փաշաևների հզոր կլանի բազմամիլիադանոց բիզնեսին նվիրված հրապարակումներով: Նա իշխող ռեժիմի ամենահետևողական քննադատներից է: Դրա համար նա մշտապես գտնվում է իշխանությունների ճնշման ներքո՝ ներառյալ դատական հետապնդումը, հալածանքները իշխանամետ ԶԼՄ-ներում և անձնական կյանքի ինտիմ մանրամասների հրապարակումը:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:

2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։

Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---