Չավուշօղլուն Ղարաբաղի, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման, «Ասադի ռեժիմի» ու Կիպրոսի մասին

Չավուշօղլուն Ղարաբաղի, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման, «Ասադի ռեժիմի» ու Կիպրոսի մասին

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը, Միջերկրական և Սև ծովերի ավազանները միշտ մեծ նշանակություն են ունեցել Թուրքիայի համար: Այդ մասին Trend գործակալությանն է հայտարարել Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Ցավոք, այս տարածաշրջանում կան խնդիրներ, որոնց հանգուցալուծումը ձգձգվում է՝ ղարաբաղյանը, հարավօսականը, որոնք անորոշության աղբյուր են»,-ասել է նա:

«Այդ խնդիրների խաղաղ հանգուցալուծումն Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականության հիման վրա բխում է ոչ միայն տարածաշրջանի ժողովրդների շահերից, այլ նաև միջազգային հանրության»,-ասել է Չավուշօղլուն: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ թվարկված խնդիրները սպառնալիք են խաղաղությանն ու կայունությանը Եվրասիայում, ներառյալ Հարավային Կովկասը:

«Ուստի համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն մասնավորապես, պետք է բազմապատկեն հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Հատուկ ցանկանում եմ շեշտել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից է: Ուստի մենք միշտ ուշադիր հետևում ենք կարգավորման հետ կապված գործընթացներին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:

Ըստ նրա, Թուրքիան որպես Մինսկի խմբի անդամ, տարբեր հարթակներում և երրորդ երկրների հետ շփումներում մշտապես բարձրացնում է ղարաբաղյան հակամարտության հարցը, որը համարում է նաև իր խնդիրը: «Մենք առաջիկայում ևս կշարունակենք այդ հարցի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկումը և նպաստավոր գործունեությունն ի շահ եղբայրական Ադրբեջանի»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը կարծում է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն ունի Եվրամիության համար: «Ադրբեջանը ԵՄ համար գլխավոր դարպասն է դեպի Կասպից ծովի ավազան և Կենտրոնական Ասիա»,-ասել է Չավուշօղլուն:

Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցին՝ Չավուշօղլուն այն համարել է երկրի ռազմավարական նպատակը: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին չի նշանակի, որ երկիրն անտարբեր կդառնա տարածաշրջանային իրադարձությունների հանդեպ, կամ միակողմանի արտաքին քաղաքականություն կվարի: Նախարարը նշել է, որ ցավոք, չնայած ջանքերին, չի հաջողվել ցանկալի արդյունքի հասնել բանակցություններում: «Գործընթացի լճացման հիմնական մեղավորը ԵՄ-ն է: Բանակցվող կետերի քննարկման համար հարկավոր է, որ բուն ԵՄ-ում միասնական որոշում կայացվի: Սակայն ԵՄ-ն խոչընդոտում է 8 դրույթների շուրջ բանակցություններին, իսկ Կիպրոսի Հանրապետությունը՝ վեց կետերի քննարկումներին: Քաղաքական արգելքները, որոնց մենք բախվեցինք ԵՄ-ին Կիպրոսի անդամակցությունից հետո, ազդում են Թուրքիա-ԵՄ քննարկումներին»,-ասել է նա:

Ըստ Չավուշօղլուի այսօր «Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարող երկրների առաջին շարքում է»: Նա ասել է, թե մի կողմից Թուրքիան մասնակցում է FATF նախագծին, որով նախատեսվում է ԻՊ ֆինանսավորման կասեցում, մյուս կողմից՝ տեղեկություններ է փոխանակում ԻՊ և այլ ահաբեկիչների վերաբերյալ:

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան պայքարում է Սիրիայում ծայրահեղականության դեմ ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիայի շարքում: «ԻՊ ձևավորման հիմնական մեղավորը Ասադի ռեժիմն է: Համապատասխանաբար, պայքարելով ԻՊ դեմ, պետք չէ մոռանալ Ասադի ռեժիմի մասին, որն այդ սպառնալիքի տարածման պատճառն է: Հակառակ դեպքում ռեժիմը նոր սպառնալիքներ կստեղծի տարածաշրջանում»,-ասել է Չավուշօղլուն:

«Իսլամական պետությունը» սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Ակնհայտ են Սիրիայում ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված Թուրքիայի քայլերը: Ճգնաժամն ու ծայրահեղականությունը Սիրիայում առաջին հերթին Թուրքիային են սպառնում»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Ըստ նրա, ԻՊ-ին սատարելու մեջ Թուրքիային մեղադրող երկրները հեռու են տարածաշրջանից, այն դեպքում, երբ Թուրքիան այս տարածաշրջանում է: «Ուստի Թուրքիան կարևորություն չի տալիս կանխակալ դիտողություններին, որոնք արվում են մանիպուլացիայի նպատակով»,-ասել է նա:

Մինչդեռ փետրվարի լույս 23-ի գիշերը թուրքական զինվորական ստորաբաժանումները Կոբանի քաղաքի մոտակայքում հատել են թուրք–սիրիական սահմանը և ներխուժել Սիրիայի տարածք։ Գրավյալ հատվածում է գտնվում Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապ` Սուլեյման շահի դամբարանը, որը հսկում էին թուրքական պահակախմբի 39 անդամները:

Գործողությանը մասնակցել է 700 թուրք զինվոր, 100 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ 39 տանկ: Տարհանման ժամանակ պատվո պահակախմբի մեկ անդամը մահացել է:

Անկարան իրավունք ունի բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ապահովելու համար իր զինվորականների անվտանգությունն ու պատմական ժառանգության պահպանումը, հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով թուրքական բանակի գործողությունը, երբ Սիրիայից տարհանվեցին շահ Սուլեյմանի դամբարանն ու պահապան զինվորականները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---