Կիպրոսն ու Ռուսաստանը ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագիր կկնքեն

Կիպրոսն ու Ռուսաստանը ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագիր կկնքեն

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ կստորագրվի ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագիր և հումանիտար բնույթի երկու փաստաթուղթ ռուսական նավերի ու ինքնաթիռների համար Կիպրոսի նավահանգիստներն ու օդակայանները բացելու մասին:

Այդ մասին Կիպրոսի նախագահը հայտարարել է ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված բացառիկ հարցազրույցում՝ ՌԴ պաշտոնական այցին ընդառաջ:

Կիպրոսի նախագահը նշել է, որ ռազմական փոխգործակցության մասին փաստաթուղթ արդեն իսկ գոյություն ունի, խոսքն այժմ դրա վերագործարկման ու արդիականացման մասին է:

Ըստ Անաստասիադիսի, «միաժամանակ կստորագրվի երկու փաստաթուղթ հումանիտար թեմայով, որի նմանը Կիպրոսն ունի Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ»:

Նախագահը նշել է, որ Կիպրոսը ձգտում է, որ «Ռուսաստանի հետ գերազանց հարաբերությունները տարածվեն նաև այն ոլորտների վրա, որոնք մենք զարգացնում են մյուս երկրների հետ»:

«Մենք բանակցում ենք ՌԴ հետ «Անդրեաս Պապանդրեու» ավիաբազայում հումանիտար բնույթի աջակցություն մասին, որը կարող է ցուցաբերվել ճգնաժամի դեպքում, ինչպես նաև մեր նավահանգիստներ ռուսական ռազմանավերի մուտքն արտոնելու շուրջ, մասնավորապես, խոսքը Լիմասոլի մասին է: Դա հիմա էլ է արվում, սակայն մենք կցանկանայինք ավելի խորացված համաձայնագիր ունենալ այն առումով, թե ինչ կարող է տրամադրել Կիպրոսի Հանրապետությունը ՌԴ-ին: Կրկնում եմ, արդիականացվելու է ռազմական ոլորտում արդեն գործող համաձայնագիրը»,-ասել է նա:

Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի ռազմանավերն ու ռազմական ինքնաթիռները կարողանան օգտվել Կիպրոսի նավահանգիստներից և օդանավակայաններից բացառապես աղետալի իրավիճակներում կամ հումանիտար գործողությունների ժամանակ:

Նշվում է, որ Կիպրոսի նախագահի Մոսկվա այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև Ռուսաստան-ԵՄ երկխոսության խնդիրներ, այդ թվում ուկրաինական ճգնաժամի համատեքստում: Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսն իր հերթին հայտարարեց, որ Կիպրոսը կողմ է հանդես գալիս ՌԴ-ԵՄ ռազմավարական հարաբերությունների շուտափույթ վերականգնմանը:

Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է իր տարածքում ռուսական ավիացիոն և ռազմածովային ռազմակայաններ տեղակայելոի պատրաստակամության մասին:

Երկու պետությունների ռազմական գործակցության մասին պայմանագիրը պետք ստորագրվի Կիպրոսի նախագահի փետրվարի 25-ին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ:

«Կա հին (հավանության արժանացած) համաձայնագիր, որը պետք է կյանքի կոչվի ինչպես որ կա: Միևնույն ժամանակ կտրամադրվեն որոշ լրացուցիչ ծառայություններ, ինչպես մենք դա անում ենք մյուս երկրների, օրինակ, Ֆրանսիայի և Գերմանիայի դեպքում»,-ասել է Անաստասիադիսը:

Ենթադրվում է, որ Ռուսաստանի ՌՕՈւ-ն կօգտագործի «Անդրեաս Պապանդրեու» ավիաբազան, որը համատեղված է Պաֆոս քաղաքի միջազգային օդանավակայանի հետ կղզու հարավ-արևմուտքում, բրիտանական ՌՕՈւ «Ակրոտիրի» ավիաբազայից 50 կմ հեռավորության վրա, գրում է Lenta.ru-ն: Ռուսաստանի ՌԾՈւ-ն հնարավորություն կունենա օգտագործել Լիմասոլի ռազմակայանը:

Կիպրոսում ռազմակայան ունենալու հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին Կիպրոսի լրատվական գործակալությանը տարեսկզբին հայտարարել էր Ստանիսլավ Օսադչին: Նա նշեց, որ «այս պահին ԱԳՆ նպատակն է երկկողմ համաձայնագիր պատրաստել, որը կստորագրվի Անաստասիադիսի Մոսկվա այցի ժամանակ»:

Անցյալ տարի ռուս զինծառայողներին հնարավորություն տրվեց օգտվել Կիպրոսի ավիաբազայից և Լիամսոլի գլխավոր նավահանգստից, հայտնում է cyprusrussianbusiness.com-ը: 2014-ի հունվարին Կիպրոսի ՊՆ-ն հայտարարեց, որ «Անդրեաս Պապանդրեու» ավիաբազան հնարավոր կլինի օգտագործել միայն անհետաձգելի օգնություն ցուցաբերելու և հումանիտար նպատակներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---