ԶԼՄ-ներ. ԵՄ-ն գազի վերաբերյալ համաձայնագրեր է պատրաստում Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ

ԶԼՄ-ներ. ԵՄ-ն գազի վերաբերյալ համաձայնագրեր է պատրաստում Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը փորձում է պայմանավորվել Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ ԵՄ գազի առաքումների մասին՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել աղբյուրները «Հարավային հոսք» նախագծից հրաժարվելու մասին ՌԴ հայտարարությունից հետո: Այս մասին գրում է «Փրայմ»-ը Financial Times-ի վրա հղումով:

Ըստ Financial Times-ի տվյալների, ԵՄ-ն «կսաստկացնի քարոզչական գրոհը» Ադրբեջանի ու Թուրքմենստանի ուղղությամբ Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցումից հետո: Նպատակն է «գազով հարուստ, բայց քաղաքականապես զգայուն երկրներին՝ Ադրբեջանին և Թուրքմենստանին, ներգրավել Եվրամիության էներգետիկ ռազմավարության մեջ»: Ակնկալվում է, որ Բրյուսելը կներկայացնի Եվրոպական էներգետիկ միության ռազմավարությունը փետրվարի 25-ին:

Ըստ սկզբնական պլանի, որը հայտնվել էր Financial Times-ի տնօրինության տակ, ԵՄ-ն փորձում է «օգտագործել իր արտաքին քաղաքականության բոլոր լծակները էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու համար» վառելիքի այլընտրանքային մատակարարների հետ, ինչպիսիքն են Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ալժիրը:

Ինչպես Financial Times-ին է ասել Եվրահանձնաժողովի էներգետիկ միության փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը, ԵՄ-ին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել առաքումների աղբյուրները՝ նվազեցնելու համար կախվածությունը ռուսական «Գազպրոմից»:

«Կարծում եմ, Եվրոպան արդեն հոգնել է ամեն ամառ գազի ձմեռային առաքումների մասին բանավիճելուց: Աշխարհի խոշորագույն տնտեսությունը չպետք է նման մտավախություններ ունենա 21-րդ դարում»,-ասել է նա: Շեֆչովիչը նաև պարզաբանել է, որ Ռուսաստանը «շատ կարևոր մատակարար է մնում Եվրամիության համար, սակայն նրա ազդեցությունը կնվազի»: Նա նշել է, որ ԵՄ-ն նախկինում սխալներ է գործել՝ փորձելով վառելիքի առաքման հարավային միջանցք կառուցել, խոսքը, մասնավորապես, Nabucco-ի մասին է:

«Մենք դասեր քաղեցինք Nabucco-ից: Նախագիծը ձախողվեց բավարար քաղաքական աջակցության պակասի պատճառով»,-ասել է նա:

Ըստ Շեֆչովիչի, Ադրբեջանից և Թուրքմենստանից գազի առաքումները դժվարացնում է ՌԴ դիրքորոշումը, որը «գտնում է, որ Կասպից ծովի տարածաշրջանի ափամերձ տարածքներից գազի առաքումներ կարող են իրականացվել միայն հարևան երկրների համաձայնությամբ»: Նա նշել է, որ հույս ունի, որ ԵՄ-ն կգտնի «տեխնիկական և իրավական բազա» թուրքմենական գազի առաքումների համար:

«Քանի որ ԵՄ-ն ձգտում է դիվերսիֆիկացնել իր աղբյուրները, կարծում եմ, Կասպից ավազանի երկրները նույնպես ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց արտահանման երթուղիները»,-ասել է Էներգետիկ միության փոխնախագահը: Դեկտեմբերին ՌԴ-ն հայտարարեց, որ հրաժարվում է «Հարավային հոսք» նախագծից, որը պետք է անցներ Սև ծովի հատակով և Բուլղարիայով, և գազ հասցներ Բալկաններ, Հունգարիա, Ավստրիա, Իտալիա: Դա տեղի ունեցավ այդ թվում նաև ԵՄ ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Փոխարենը խողովակը որոշվեց անցկացնել Թուրքիայով:

Մինչդեռ 2013-ին Shah Deniz II կոնսորցիումը, որը զբաղվում է Ադրբեջանի Շահ Դենիզ գազի հանքավայրի շահագործմամբ, հրաժարվել է վառելիքով լցնել Nabucco West խողովակաշարը:

«Nabucco» գազատարի շինարարությունը, որը կոչված է Կասպից տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից գազ տեղափոխել եվրոպական երկրներ, պետք է սկսվեր 2015-ին և ավարտվեր 2018-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---