«Ալ Քայիդան» ահաբեկչություն էր ծրագրում ՌԴ-ում. Վտանգված էին գազամուղն ու ԱՄՆ դեսպանատունը

«Ալ Քայիդան» ահաբեկչություն էր ծրագրում ՌԴ-ում. Վտանգված էին գազամուղն ու ԱՄՆ դեսպանատունը

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդան» ահաբեկչական գործողություններ էր ծրագրում Ռուսաստանում և Եվրոպայում: Այդ մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, վկայում են 2011-ին խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո նրա տանը՝ Պակիստանի Աբոդաբադում, հայտնաբերված փաստաթղթերը:

Նյութերը հրապարակվել են փետրվարի 25-ին Նյու Յորքի դատարանում պակիստանցի Աբիդ Նասիրի գործի քննության ժամանակ, որին կասկածում են Նյու Յորքի մետրոյում և բրիտանական Մանչեսթերի առևտրի կենտրոնում ահաբեկչական գործողություններին մեղսակից լինելու մեջ:

Բեն Լադենի անունով գրված նամակում, որը հրապարակել է դատախազությունը, մասնավորապես, ասվում է, որ մտադրություն կար «Ալ Քայիդայի» անդամներին գործուղել Ռուսաստան՝ գազամուղի պայթեցման կամ ԱՄՆ դեսպանատան վրա գրոհ կազմակերպելու առաջադրանքով: Նամակում նաև հիշատակվում է Մեծ Բրիտանիայում մի քանի թիրախներ գրոհելու հավանականությունը: Նամակի հեղինակն ու ուղարկելու ամսաթիվը չեն հրապարակվում, հայտնում է Lenta.ru-ն:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---