6,3 մլն դրամի փոխհատուցում տավուշցի գյուղացիների գնդակոծված գույքի համար

6,3 մլն դրամի փոխհատուցում տավուշցի գյուղացիների գնդակոծված գույքի համար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացրել է 6 մլն 337 հազար դրամի պետական աջակցություն՝ 2015 թվականի հունվարի 5-ից 12-ը հակառակորդի գնդակոծություններից առաջացած մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների տներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով, հայտնում է Panorama. am-ը:

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ընդունված որոշմամբ վերականգնվում է սահմանամերձ հինգ համայնքի գույքի կորուստը:

«Սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրները շարունակելու են գտնվել ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ 2015 թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ:

Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից համայնքներում հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով աշխատանքային խումբը հիմք էր ընդունել մարզպետի պատվերով «Գեոպրոեկտ» ՍՊԸ-ի կողմից իրականացված մարզի Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար համայնքների գնդակոծությունների հետևանքով վնասված գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է 6 համայնքի 134 բնակչի գույք` 6 մլն 337 հազար դրամ արժեքի: Մասնավորապես, Բերքաբեր համայնքում գնդակոծությունների հետևանքով տուժել է 66 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 2 մլն 668 հազար դրամ: Բարեկամավան համայնքում տուժել է 28 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 1 մլն 601 հազար դրամ, Չինարում` 4 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 88 հազար դրամ, Կոթիում` 31 քաղաքացի, վնասի չափը կազմում է 1 մլն 96 հազար դրամ, Բաղանիսում` 2 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 105 հազար :

Պառավաքար, Կոթի և Բերքաբեր համայնքներում հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է 3 մեքենա, վնասի ընդհանուր չափը կազմում է 778 հազար դրամ:

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է ավելի վաղ հաստատած ցանկում ներառված 31 սահմանամերձ համայնքին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Օրենքով սահմանվեց, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտապես բնակվող անձանց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ կառավարությունը:

Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---