ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը կվերանվանվի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի

ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը կվերանվանվի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի

PanARMENIAN.Net - 8,5 մլրդ կապիտալով ԵվրԱսԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը, որը 2009 թ. ստեղծեցին Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, կվերանվանվի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ):

Փետրվարի 26-ին ՌԴ կառավարությունը կքննարկի հիմնադրամի ստեղծման վերաբերյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, հայտնում է մամուլի ծառայությունը: ԵվրԱսԷս-ի լուծարման հետ կապված վերանվանումից բացի, հիմնադրամը հնարավորություն կստանա զուտ շահույթի մի մասն օգտագործել եկամուտների ցածր մակարդակ ունեցող անդամ երկրներում դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար: Վերանվանումից հետո էլ հիմնադրամի կառավարիչը կլինի Զարգացման եվրասիական բանկը, հայտնում է Ինտերֆաքս-Արևմուտքը:

Փաստացի հիմնադրամը ստեղծվել է ռուսական փողերով՝ մյուս անդամ երկրների անդամավճարները սիմվոլիկ են: Հիմնադրամի ամենահայտնի նախագիծը 3 մլրդ դոլարի 10-ամյա ժամկետով վարկն է Բելառուսին: Դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրին 5 տրանշ է փոխանցվել 2,56 մլրդ ընդհանուր գումարով: Վարկի պայմաններով նախատեսվում է 3-ամյա արտոնյալ շրջան և լողացող տոկոսադրույք:

2010-ին հիմնադրամից 70-միլիոնանոց վարկ ստացավ Տաջիկստանը 20 տարի ժամկետով: Բացի այդ, հիմնադրամը հավանություն է տվել Բիշքեկ-Օշ ավտոճանապարհի վերակառուցման համար վարկի տրամադրմանը Ղրղզստանին, Ղրղզստանին գյուղտեխնիկայի մատակարարման ֆինանսավորմանը և Հայաստանին Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համար:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ:

Ծրագրի իրականացման համար պայմնագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման Բանկի (ԱԶԲ) միջև 15.09.2009 թ. կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որից Ասիական Զարգացման Բանկի մասը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---