Կառավարությունը 1,5 մլրդ դրամ կվճարի «Գազպրոմ Արմենիա»-ին անապահովների սպառած գազի դիմաց

Կառավարությունը 1,5 մլրդ դրամ կվճարի «Գազպրոմ Արմենիա»-ին անապահովների սպառած գազի դիմաց

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին կառավարության նիստում որոշում է ընդունվել, որի համաձայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պետք է 1,5 մլրդ դրամ վճարի Հայաստանում անապահով ընտանիքներին 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված բնական գազի համար տրվող մասնակի փոխհատուցման դիմաց:

2011 թ. ապրիլի 1-ից շուրջ 60 հազար անապահով ընտանիք, որը սպառում է ամսական 300 խմ գազից պակաս, կարող է օգտվել արտոնյալ սակագնից՝ 100 դրամ գազի մեկ խմ համար 156 դրամի փոխարեն:

Ինչպես նիստում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, միջոցները կփոխանցվեն վերջին տարիներին էներգահամակարգի ընկերությունների պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթների հաշվին, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

«Ծրագիրը մեկնարկել է 2011-ի ապրիլի 1-ին և ավարտվում է 2014-ի դեկտեմբերի 31-ով: Այդ ընթացքում կառավարությունը որպես մասնակի փոխհատուցում անապահով ընտանիքների սպառած գազի դիմաց վճարել է 2,7 մլրդ դրամ»,-ասել է Շահվերդյանը:

Ազգային ժողովը քննարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի գործունեության ծրագիրը: Հիմնական զեկուցող, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարցրեց՝ արդյո՞ք այս տարվա կամ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, գրում է Tert. am-ը:

Նա հիշեցրեց, թե հարցազրույցներից մեկում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե էլէներգիա արտադրող ընկերությունները բավական ծանր վիճակում են գտնվում:

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագներն իրար հետ ուղիղ կապվածության մեջ են: «Մասնավորապես, լուրջ դերակատարում ունի նաև դոլար-դրամ փոխարժեքի տատանումը, դրանով պայմանավորված՝ մենք սպասում ենք բանակցությունների ավարտին: Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի՝ դոլար-դրամ գներով պայմանավորված»,– ասաց նա:

«Ես բանակցությունների արդյունքների մասին որևէ բան չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և այդ գործընթացին մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել: Այս պահին դեռևս անորոշ է վիճակը»,-ավելացրեց Ռոբերտ Նազարյանը։

Նա նաև նկատեց, թե հանձնաժողովը հսկում է կարգավորող ընկերությունների գնումների գործընթացը. «Մոնիտորինգի արդյունքում շատ գներ նվազեցրել ենք, կարողացել ենք խուսափել ավելի թանկ գնումներ կատարելու գործընթացից»։

Տարեվերջին հայտնի դարձավ, որ եթե շարունակվի ՀՀ դրամի անկումը դոլարի նկատմամբ, ապա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իր իրավասության շրջանակում, մոնիտորինգի արդյունքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու որոշում կկայացնի՝ սակագնի վերանայման հարցով: Այս մասին հայտարարեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց:

Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։

Գազի սակագինը սահմանին 189 ԱՄՆ դոլար է 1000 խորանարդ մետրի դիմաց: Բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում 1 դոլարը 416,5 ՀՀ դրամ փոխարժեքն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---