Փաստաբան. Ցանկալի է, որ Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնի փաստաբանական խումբը

Փաստաբան. Ցանկալի է, որ Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնի փաստաբանական խումբը

PanARMENIAN.Net - Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործի առնչությամբ:

Փաստաբանի Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ բազմաթիվ այլ փաստաբաններ նույնպես պատրաստ են այս քրեական գործի շրջանակներում անվճար ներկայացնել տուժողների իրավահաջորդների շահերը, դեռևս փետրվարի 14-ին Գյումրի կատարած այցի ժամանակ տուժողների իրավահաջորդների հետ քննարկումների արդյունքում հանգել ենք այն համոզմունքին, որ ցանկալի է, որպեսզի սույն քրեական գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցչությունն իրականացվի փաստաբանական խմբի կողմից:

Վերը նշվածից ելնելով տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և Եգոր Ադամյանը ՀՀ-ում գործող քրեական մասնագիտացմամբ բոլոր այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են նույնպես անվճար հիմունքներով սույն քրեական գործի քննության ընթացքում ներկայացնել իրենց շահերը, կարող են կապ հաստատել իրենց հետ` հետագա քննարկումների և համաձայնություն ձեռք բերելու համար»:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---